«Այսօր աշխարհը ցնծում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո արվող հայտարարություններից, եւ քննարկումներ են ծավալվում, թե մեր տարածաշրջանի, թե մեր եւ ընդհանրապես աշխարհի տարբեր հատվածներին ինչ ապագա է սպասվում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո»,- «Հայելի» ակումբում նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը՝ քննարկումները բաժանելով երկու մասի, որոնցից մեկը վերաբերվում է Հայաստանին:
«Ուզում եմ հիշեցնել, որ Դոնալդ Թրամփի նախորդ պաշտոնավարման ժամանակ են ՌԴ-ի վրա ամենամեծ պատժամիջոցները կիրառվել, եւ այսօրվա հռետորաբանությունը մեզ համար նաեւ այդ հատվածում պարզ չէ: Մեզ որպես երկիր՝ պետք է հասկանալ, որ այս քաղաքական քայլերթը, միջազգային հարաբերությունների ձեւավորումը պետք է լինի հօգուտ Հայաստանի Հանրապետության, որը Նիկոլ Փաշինյանը չի կարող կազմակերպել եւ նրա որեւէ քայլ չի կարող լինել հօգուտ Հայաստանի»,-հավելեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահը:
Ապա իր խոսքով՝ կարեւոր մի հիշատակում արեց. «Թույլ մի տվեք, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ ստի եւ հարց տվեք ինքներդ ձեզ, թե ինչու Արարատ Միրզոյանը որոշեց գնալ Մոսկվա այն բանից հետո, երբ որ Թրամփը վերընտրվեց: Բայդենի վարչակազմը իշխանությունը հանձնեց Թրամփին, եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընկավ ազատ վայրէջքի մեջ, հայտնվեց օդում կախված վիճակի մեջ, որը նաեւ այսօր Հայաստանի Հանրապետությանն է վերաբերում: Ստացվում է՝ մենք մեր արտաքին վեկտորները փոխել ենք կամ չենք փոխել: Ոչ միջազգային հանրությունն է դա հասկանում, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունը, բայց վտանգները մոտենում են մեզ, եւ որեւէ կանխարգելիչ գործողություններ մենք չենք իրականացնում»:
Հենրիխ Դանիելյանը փաստեց, որ մինչեւ 2018թ ԱՄՆ-ը այն երկրներից էր, որը ուղիղ ֆինանսավորում էր ուղարկում Արցախին. «Միջազգային հարաբերությունները եղել են եւ-եւ սկզբունքով,եւ այդ եւ-եւ-ը տվել միայն օգուտ, որի մասին ուզում եմ խոսել եւ բացահայտել Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի ստերը: Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վախենում է արտասանել Արցախ բառը, ասում է Արցախ, հետո 5 անգամ իրեն ուղղում է, ասում է Ղարաբաղ:
Կարդացեք նաև
Սա նույն Ալեն Սիմոնյանն է, որը ժամանակին կեղծիք եւ մանիպուլյացիա տարածելու համար ասում էր «Աղդամը իմ հայրենիքն է», ես աղդամցի Ալենն եմ: Իսկ մենք ասում էինք, որ Աղդամն այն հատվածն է, որը որպես բուֆերային գոտի էր վերցված: Այսօր Ալեն Սիմոնյանն իր ասած հայրենիքը հանձնել է ու վախենում է ասել Արցախ բառը… Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարում է, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում մեր սահմանները, չի օգնում մեզ, մինչդեռ 2016թ նույն ՀԱՊԿ-ը հայտարարություն էր տարածում չճանաչված Արցախի մասին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ