Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան. Ուրախ եմ վերահաստատել տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը, որոնց իրականացումը նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում

Հունվար 21,2025 18:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։

Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է.

«Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,

Հարգելի՛ գործընկերներ,

Շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Կարծում եմ, իմ այցը բավականին արդիական է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի լույսի ներքո։ Վերջին անգամ մենք նման ձևաչափով հանդիպել ենք 2023 թվականի հուլիսին, և կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգերի մի շարք արդիական հարցերի շուրջ հանգամանալից կարծիքների փոխանակում անցկացնելու համար։

Հարգելի՛ գործընկերներ, առանձնազրույցի ժամանակ մենք Սերգեյ Վիկտորի հետ արդեն հակիրճ անդրադարձել ենք մի քանի հարցերի, և այժմ կարող ենք շարունակել կարծիքների փոխանակումը պատվիրակությունների մասնակցությամբ։

Ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանն ուղղված արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակման հարցում։

Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին, և մենք հուսով ենք, որ այսուհետ ևս ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, որոնք, ցավոք, տեսել ենք վերջին ժամանակներս, վերջին օրերին։ Եվ հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը։

Երկկողմ հարաբերություններում ևս մեկ կարևոր ցուցիչ է, իհարկե, միջազգային հարթակներում համագործակցությունը։ Մենք միշտ փորձում ենք ըմբռնումով մոտենալ Ռուսաստանի Դաշնության շահերին։ Կա ցանկություն և ըմբռնում, որ ռուսական կողմը նույնպես միջազգային հարթակներում որոշակիորեն հաշվի կառնի Հայաստանի Հանրապետության շահերը։ Միջազգային հարթակներում համագործակցությունը մեր ավանդույթներում է, և մենք միտված ենք շարունակել այս ավանդույթը։

Սերգեյ Վիկտորի,

Մենք միտված ենք նաև փոխշահավետ և գործնական համագործակցության, ինչպես նաև ինքնիշխանության հարգման վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը, ինչը, ամենակարևորը, ինչպես ես խորապես համոզված եմ, համապատասխանում է մեր երկու պետությունների շահերին։

Մեր համագործակցության, գործընկերության կարևոր բաղադրիչ է, անշուշտ, տնտեսությունը, որտեղ մենք նկատում ենք կայուն դրական արդյունքներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում առևտրային հարաբերությունների զարգացման վրա։

Իմ այսօրվա այցը նաև մեր ջանքերի մի մասն է՝ ուղղված համագործակցության զարգացմանն այնպիսի ձևաչափերում, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը և այլ կարևոր հարթակները։ Սա վերաբերում է նաև ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական փոխգործակցությանը, որտեղ դեկտեմբերին Հայաստանը, կարծում եմ, բավական հաջող կերպով ավարտեց իր նախագահությունը։

Հարավային Կովկասի տարածաշրջանի տնտեսական գրավչությունը բարձրացնելու՝ Հայաստանի Հանրապետության վճռական տրամադրվածության համատեքստում ուրախ եմ վերահաստատել տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը, որոնց իրականացումը նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում։

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ հայ-ռուսական երկխոսության զարգացման դրական դինամիկա է նկատվում նաև հումանիտար ոլորտում։ Կանոնավոր կերպով անցկացվում են գիտության և մշակույթի գործիչների հանդիպումներ։

Մի խոսքով, համաձայն եմ Ձեզ հետ, թեմատիկան բավականին լայն է և բազմաշերտ:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ուշադրության համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031