Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԻՄ մարմինները պետք է ունենան երիտասարդական աշխատող». Արթուր Մարտիրոսյան

Հունվար 21,2025 18:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Որպես հիմնական զեկուցող՝ նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ երիտասարդությանն ուղղված քաղաքականությունը և երիտասարդների ներուժի զարգացումը ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է:

«Երիտասարդներին ուղղված քաղաքականության հիմքում երիտասարդների կարողությունների զարգացումն ու նրանց ինքնիրացման համար նպաստավոր պայմանների և համապատասխան միջավայրի ստեղծումն է: Այս նպատակին ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում Կառավարության կողմից, ոլորտային ռազմավարություններում նույնպես այս շեշտադրումն ակնհայտ է: Սակայն ցայսօր չունենք երիտասարդության ոլորտը կարգավորող օրենք, որը պետք է սահմանի այս ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները՝ ապահովելով պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման համար իրավական հստակեցումներ»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներառում է «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ:

Արթուր Մարտիրոսյանը հստակեցրել է՝ առաջարկվող օրենքի նախագծով պետական երիտասարդական քաղաքականությունը սահմանվում է որպես ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների համակարգ, որը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը և դրանց շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը, ինչպես նաև քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը:

«Այսպիսով, երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորմանը, որը կընդլայնի իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու հնարավորությունները և այդպիսով նաև կաջակցի հանրային զարգացմանը: Օրենքի ընդունմամբ նաև սահմանվում են երիտասարդության ոլորտի հիմնական դերակատարները, նրանց գործառույթները, լիազորությունները, պարտավորությունները, ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նա նաև նշել է՝ ապահովվում է օրենսդրական հիմք՝ երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման և երիտասարդական կենտրոնների ձևավորման համար:

«Բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ունենան երիտասարդական աշխատող կամ աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանվեն երիտասարդական աշխատողի գործառույթները»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Օրենքի ընդունումը կխթանի նաև մինչև 2026 թվականը մարզերում 25 երիտասարդական կենտրոններ ունենալու գործընթացը, որն իրականացվում է պետության, համայնքների և մասնավոր հատվածի համագործակցությամբ:

«Պետության, համայնքների և մասնավոր հատվածի համագործակցությամբ արդեն ձևավորվել և գործում են 5 երիտասարդական կենտրոններ. մի քանի կենտրոններ կբացվեն այս տարվա հունվար և փետրվար ամիսներին»,- նշել է նախարարի տեղակալը:

Օրենքի նախագծով կփոխվի նաև երիտասարդների տարիքային շեմը. Արթուր Մարտիրոսյանը մանրամասնել է. «Առաջարկվում է երիտասարդների տարիքային շեմ սահմանել 13-35 տարեկանը՝ հիմք ընդունելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ միջազգային փորձը և մեր երկրի ժողովրդագրական տվյալները: Իսկ վերին շեմը բարձրացվել է 35` հաշվի առնելով, որ մեր հասարակությունը, ցավոք, ծերացող է, և ժողովրդագրական կարևոր որոշումները՝ ընտանիք կազմել, բնակարան ձեռք բերել, երեխաների ծնունդ և այլն, տեղի են ունենում ավելի ուշ տարիքում»։

Նախարարի տեղակալը պատասխանել է նաև քննարկման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են երիտասարդների տարիքային շեմի սահմանմանը, օրենքից բխող արդյունքների չափելիությանը, ՏԻՄ-երի վերաբերյալ օրենքի փոփոխության դրույթներին և այլն:

Որպես հարակից զեկուցող ելույթով հանդես է եկել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը՝ նշելով, որ նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն,  նախագծի մշակման փուլում ծավալվել է մասնակցային քննարկում՝ շահառուների՝ երիտասարդների ակտիվ ներգրավմամբ:

Նշենք, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ-ում նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին կազմակերպվել էին հանրային լսումներ:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031