Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել․ Բաքվի բանտում դատում ու ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը»․ Սեյրան Օհանյան

Հունվար 21,2025 17:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բռնապետական Բաքվում այսօր շարունակվում է հայ գերիների, Արցախի Հանրապետության օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը։ Շինծու մի գործընթաց, որի հիմնական նպատակն է հռչակել Հայաստանը, հայ ժողովրդին որպես ագրեսոր եւ օկուպանտ՝ հիմքեր ստեղծելով Հայաստանի դեմ նոր սադրանքների կիրառման, նոր զիջումներ կորզելու համար»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը «դատում» է ավտորիտար ու կոռումպացված, հազիվ մի դար ապրած պետություն, որը ջարդարարի ու ցեղասպանի վարքագիծ ունի։ Սումգայիթում ու Բաքվում ջարդեր, Արցախում ցեղասպանություն իրականացրած ռազմական հանցագործ եւ օկուպանտ ռեժիմն այսօր դատում է Արցախի ղեկավարներին, ՊԲ հրամանատարներին ու ինքնապաշտպանական պայքարի մասնակիցներին։

«Իր հազարամյա օրրանում հայկական պետականություն ունեցած, ինքնությունը պահած եւ նոր պետություն կերտելու կամք դրսեւորող Արցախն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է թե խորհրդային եւ թե միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի սկզբունքներով։ Քառորդ դարից ավելի կայացրել է պետական ինստիտուտներ՝ Հայաստանի երաշխավորությամբ ապահովելով կայուն զարգացում ու անվտանգություն։ Ադրբեջանը դատում է այն մարդկանց, ովքեր մեր հավաքական հաղթանակի կերտողներն են, եւ շարունակում է ՀՀ նկատմամբ ռազմատենչ հայտարարություններ անել ու օկուպացված պահել ինքնիշխան տարածքներ։ Օգտվելով ՀՀ իշխանությունների կամազուրկ վարքից, կեղծելով պատմությունը, Ադրբեջանն ամեն օր ավելի ամոթալի ու վտանգավոր զիջումներ է կորզում։ Քաղաքական միջազգային ձեւաչափերում Հայաստանը լուռ է, հակառակը, պատրաստակամ է վտանգներով հղի, ավելի խորացված կոնֆլիկտի հանգուցալուծման միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Պաշտոնական Հայաստանի կողմից չօգտագործվեցին այդ հարթակներն անգամ հայ ռազմագերիների եւ Արցախի ղեկավարության հարցն հետապնդելու համար։ Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել։ Այսօր Բաքվի բանտում, ըստ էության, դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատ, անկախ ապրելու իրավունքը եւ ձգտումը»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031