Լրահոս
Օրվա լրահոսը

Թոռնուհիս որտեղ Արցախի դրոշ է տեսնում կամ երգեր է լսում Արցախի մասին, հարցնում է՝ ե՞րբ ենք վերադառնալու. Անահիտ Բադալյան. «Ապառաժ»

Հունվար 21,2025 17:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». Անահիտ Բադալյանն Արցախից է։ 1997 թվականից նա Ասկերանի երաժշտական դպրոցի տնօրենն էր․ 2014-ից դպրոցը վերանվանվել է՝ որպես արվեստի դպրոց։ 25 տարի շարունակ նա դպրոցի համար արել է անհնարինը, որպեսզի մշակութային այդ կրթօջախը դառնա լավագույններից մեկը հանրապետությունում։ 1997-ին դպրոցն ուներ ընդամենը մեկ դաշնամուրի բաժին և 2 դաշնամուր: Տարիների ընթացքում արվեստի դպրոցում կատարված քրտնաջան աշխատանքի շնորհիվ դպրոցը համալրվել է ավելի քան 15 բաժիններով:

Անահիտ Բադալյանն առանց հուզմունքի չի կարողանում հիշել հարազատ դպրոցն ու ձեռքբերումները

-25 տարի շարունակ կյանքս անցել է երաժշտական դպրոցում, որն ինձ համար իմ երկրորդ տունն էր։ Երկու երեխաներիս միայնակ եմ մեծացրել ու տվել արժանի դաստիարակություն։ Իմ նպատակը միշտ եղել է՝ սաներիս համար հնարավորություններ ստեղծել ուսումը շարունակելու։ Մեր սաները հասել են Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա, սովորել և ավարտելուց հետո վերադարձել ու աշխատել մեզ հետ։ Դա մեր դպրոցի համար մեծ հաղթանակ էր։ Մեր դպրոցի թիմային աշխատանքը միտված էր ոչ միայն Ասկերանը զարգացելու, այլ մեր հանրապետությունում մեծ համբավ ու անուն ձեռք բերելու։ Ու դա մեզ հաջողվել է։ Կիսատ ծրագրեր շատ ենք թողել։ Մեծ կոլեկտիվ էինք․ 4 մասնաճյուղում 42 աշխատող ունեինք։ Չգիտեմ ինչպես ներկայացնեմ մեր ապրած ողջ կյանքը։ Ախր մեծ դժվարությամբ ստեղծել էինք ամեն ինչ։ Մեր դպրոցը բազմաթիվ փառատոնների, մրցույթների, ցուցահանդեսների էր մասնակցում և միշտ հաղթանակով վերադառնում։ Հուսանք, որ մեր երեխաները կշարունակեն փայլել նաև այստեղ։ Բոլորը զարմանում են ու հաճախակի հարցնում՝ ո՞նց կարող են արվեստի դպրոցում այդքան բան սովորել։ Ու ես հպարտությամբ ասում եմ՝ դա մեր կոլեկտիվի բարեխիղճ ու թիմային աշխատանքի շնորհիվ է։ Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրման պահից ես իմ սաների հետ ծառայում էի այնտեղ։ Ցավոք, չկարողացա վերցնել շարականներն ու իմ զգեստը։

Այնքա՜ն լավ հուշեր ունենք, մարդկային այնպիսի փոխհարաբերություններ ունեինք, որոնք այսօր ապրեցնում են մեզ։ Շրջափակման ժամանակ չենք ընկճվել, հաղթահարել ենք արժանապատվորեն։ Մեր կոլեկտիվը շարունակում է իրար թիկունք լինել առայսօր։ Մինչև հիմա իմ սաները գրում են ինձ, զանգահարում․ բոլորն էլ երազում են վերադարձի մասին։

Հայաստանում հաստատվելուց հետո տիկին Անահիտը սկսել է ձեռքի աշխատանքներով եկամուտ ստեղծել

-Սկզբից փորձեցի աշխատել կարի ֆաբրիկայում, այնուհետև՝ ջերմոցներում։ Սակայն առողջությանս վատթարացման պատճառով չկարողացա շարունակել։ Երեխաներս արգելեցին աշխատել ու առաջարկեցին տանը զբաղվել ձեռքի աշխատանքներով։ Մանկուց սիրում էի գործել, ստեղծագործել ու նվիրել իմ ձեռքի աշխատանքները մտերիմներիս (ավելի քան 45 տարի): Իմ աշխատանքները, որոնք ինձ համար հոբբի էին, վերջին ժամանակահատվածում ծառայել են որպես լրացուցիչ եկամտի աղբյուր։ Տեղահանումից հետո աղջիկս առաջարկեց ստեղծել մեր բրենդը։ Գաղափարը ծագեց 2023-ի հոկտեմբերին, ու այդպես ծնվեց մեր «Հելիուն» բրենդն ու հիմնվեց օնլայն խանութը։ Ինչու Հելիուն, որովհետև իմ հիմնական գործիքը հելյուն գործիքն է: Աշխատում ենք գրեթե մեկ տարի։ Հասցրել ենք ճանաչվել, սիրվել․ մեր արտադրանքը մեծ պահանջարկ ունի։ Համոզված եմ, որ ճանաչում ձեռք կբերենք ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Բիզնեսը ընտանեկան է․ արտադրում եմ ես, վաճառում է աղջիկս՝ Անժելա Բադալյանը: Կարիք ունենք կարի մեքենայի, սարքավորումների։ Մտադիր ենք բիզնեսի սահմաններն ընդլայնելուց հետո նաև ներգրավել ընտանիքի մյուս անդամներին՝ մայրիկիս, հարսիս, տղայիս և փեսայիս: Տարիների ընթացքում ստեղծած իմ և իմ ամբողջ կոլեկտիվի ձեռագործ գլուխգործոցների 90 տոկոսը մնաց Ասկերանի արվեստի դպրոցի պատերի ներսում:

Անահիտ Բադալյանը մտքով ամեն օր Արցախում է՝ Ասկերանում, տանը, աշխատավայրում

-Բռնի տեղահանումից հետո ամեն օր մտովի Արցախում եմ, իմ հարազատ Ասկերանում։ Քայլում եմ փողոցներով, զրուցում հարազատներիս, ընկերներիս ու հարևաններիս հետ և խնդրում Աստծուն, որ մեզ կարոտ չթողնի հայրենի հողին։ Խաչփառ գյուղում մեզ շատ լավ են ընդունել, հոգատար և ուշադիր են մեր հանդեպ, սակայն մենք դժվարությամբ ենք հարմարվում իրականությանը։ Մեզանից անկախ անընդհատ համեմատությունների մեջ ենք։ Անչափ կարոտում ենք մեր կյանքը, անգամ՝ շրջափակման ժամանակահատվածը: Թոռնուհիս՝ Մանանան, որտեղ Արցախի դրոշ է տեսնում կամ երգեր է լսում Արցախի մասին, հարցնում է՝ ե՞րբ ենք վերադառնալու։ Ինչպես նրան ասեմ, որ մենք արմատախիլ արած ծառ ենք․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031