ԱԺ լիագումար նիստում քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ փոփոխություններն իրականացվելու են մի քանի ուղղությամբ՝ պայմանավորված նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներով: Նախարարի տեղակալի խոսքով՝ շուրջ 530 մանկապարտեզում նախադպրոցական կրթության չափորոշիչն արդեն ներդրվել է:
«Չափորոշչի ներդրման շրջանակում ի հայտ է եկել կարգավորումների կարիք, որոնց ուղղված՝ փոփոխություններ են առաջարկվում օրենքում՝ ավելի հստակեցնելով չափորոշչի ներդրման արդյունքում ակնկալվող կարողունակությունները, ըստ տարիքային խմբի՝ վերջնարդյունքները և նախադպրոցական ծրագրերի հիմնական ուղղությունները:
Չափորոշչի ներդրման շրջանակում նաև անհրաժեշտություն է առաջացել ստեղծել մենթոր մանկապարտեզների համակարգ. կլինեն մանկապարտեզներ, որոնք կաջակցեն և շարունակական վերապատրաստումներ կիրականացնեն նախադպրոցական այն հաստատություններում, որոնցում ներդրվելու է նախադպրոցական կրթության չափորոշիչը: Ներկայում այդպիսի 23 մանկապարտեզ կա, որոնք 2024/25 ուսումնական տարվա ընթացքում վերապատրաստել են 350 մանկավարժների՝ նրանց նախապատրաստելով չափորոշչի ներդրմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարարի տեղակալի նշել է, որ օրենսդրական կարգավորումների երկրորդ ուղղությունը վերաբերում է լիցենզավորմանը:
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ 2024 թվականին նախադպրոցական կրթություն իրականացնող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ մասնավոր, պետք է լիցենզավորվեին: Ըստ այդմ՝ արդեն իսկ լիցենզավորվել է 155 նախադպրոցական մասնավոր ուսումնական հաստատություն, որոնցից 87-ը՝ 2024 թվականին: Արդեն իսկ լիցենզավորված մասնավոր կազմակերպությունները կարող են նախադպրոցական ծառայություն մատուցել շուրջ 8200 երեխայի: «Անհրաժեշտություն է առաջացել օրենքում իրականացնել փոփոխություն և նշել՝ նախադպրոցական ծառայություն կարող է իրականացվել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կողմից: Հստակեցվել են նաև «այլընտրանքային նախադպրոցական ծառայություն» և «նախադպրոցական ծառայություն» հասկացությունները»,- ասել է նախարարի տեղակալը:
Արձագանքելով պատգամավորների բարձրացրած հարցերին՝ Արաքսիա Սվաջյանը պարզաբանել է, որ լիցենզիաները տրամադրվել են անժամկետ: Կարգավորումների երրորդ ուղղությունը վերաբերում է մանկավարժական կադրերին. բազմաթիվ հաստատություններում, հատկապես մարզերում, առկա է մանկավարժների լուրջ խնդիր. շարունակաբար հայտարարվում են թափուր տեղերի համալրման մրցույթներ: Համապատասխան որակավորմամբ մասնագետների առկայությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնին վերապահել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում սահմանելու լիազորող նորմ:
Մյուս փոփոխությամբ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում կներդրվի նախադպրոցական մանկավարժական 20 կրեդիտի համակարգը, և կսահմանվի մասնագիտությունների որոշակի շրջանակ, որոնք մոտ են նախադպրոցական մանկավարժությանը, և համապատասխան դասընթացներ անցնելուց ու համապատասխան կրեդիտներ հավաքելուց հետո տվյալ մասնագետները կկարողանան հավասար պայմաններով մասնակցել թափուր տեղերի մրցույթներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ պետական բյուջեի միջոցներով նախադպրոցական հաստատությունների տնօրենների և մանկավարժական աշխատողների համար կազմակերպվում են մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործմանն ուղղված պարտադիր վերապատրաստման դասընթացներ: Այդուհանդերձ, հաշվի առնելով անհրաժեշտությունը, նախագծով առաջարկվում է վերապատրաստումներ նախատեսել նաև դաստիարակի օգնականների համար:
Մյուս կարգավորումն առնչվում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդներին. գործող կարգավորմամբ տնօրեն կարող են դառնալ միայն մանկավարժական ստաժ ունեցող անձինք: Առաջարկվում է գիտամանկավարժական գործունեություն ծավալած և ստաժ ունեցող անձանց ևս տնօրեն դառնալու հնարավորություն ընձեռել:
Հարակից զեկուցող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը նշել է՝ նախագիծը մանրամասն քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Նրա խոսքով՝ ներկայացված նախագիծը նպաստելու է նախադպրոցական կրթության որակի բարելավմանը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ