«Հայաստանի շուրջը ձեւավորվող անվտանգային սպառնալիքներն օրեցօր դառնում են առավել անմիջական եւ խիստ վտանգավոր։ Ադրբեջանի ղեկավարության հայատյաց, ռազմաշունչ եւ ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում ու վերածվում վերջնագրերի։ Հայաստանի իշխանությունները, ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարավորությամբ եւ այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ, լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնավորելու եւ բավարարելու ազգակործան գործին»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նա նշեց, որ հայ ժողովրդի եւ նրա ազգային ուժերի պատմական առաքելությունն է ազատվել «կապիտուլյացիա, թե՞ պատերազմ», այս կործանարար երկընտրանքից եւ հաստատել իրական անշրջելի, իրական եւ արդար խաղաղություն։ «Հետագա անդառնալի կորուստներից խուսափելու եւ մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել ստեղծված իրավիճակի մեջ՝ ձեւավորելով նոր որակի իշխանություն եւ հաստատելով երկրի զարգացման ազգային-պետական ուղեգիծ»,- ասաց նա։
Արմեն Ռուստամյանն ասաց՝ կոչ են անում ազգային բոլոր ուժերին միավորվել, Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ եւ անվտանգ Հայաստանի ու Արցախի։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ