Լրահոս
Օրվա լրահոսը

23 անհետ կորած Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին՝ Բերքազորի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով. զեկույց

Հունվար 21,2025 17:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի հետ համատեղ փաստագրել է Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին պայթյունի հետևանքով անհետ կորածների պատմությունները և պատրաստել զեկույց, որը կուղարկվի միջազգային կառույցներին:

2023թ․ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին՝ Բերքաձորում գտնվող բենզինի պահեստում մեծ պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի պահին պահեստում հարյուրավոր արցախցիներ սպասում էին բենզին ստանալու իրենց հերթին, որպեսզի կարողանային տարհանվել։ Պայթյունը խլել է 218 մարդ կյանք, հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, իսկ 23 անձի ճակատագիր դեռևս անհայտ է մնում։

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։  Ադրբեջանը միջադեպի առնչությամբ որևէ քննչական գործողություն չի ձեռնարկել և պայթյունի հետևանքով անհետ կորած հայերի պատշաճ որոնում չի իրականացրել: Հետաքննություն չանցկացնելով Ադրբեջանն անտեսել է իր իրավական պարտավորությունները։ Պայթյունին նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանը մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ է թույլ տվել․ շրջափակում, համատարած խուճապ, վառելիքի սակավ մատակարարում և պատերազմ: Եվ այդ խախտումների շարունակականությունն է հանգեցրել սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունին։

Ադրբեջանն ունի Արցախի Հանրապետության տարածքի ամբողջական վերահսկողություն, մուտք պայթյունի վայր, ինչպես նաև անհետ կորած անձանց ԴՆԹ հետազոտության համար նախատեսված նմուշները ստանալու հնարավորություն։ Չձեռնարկելով համապատասխան միջոցներ անհետ կորածների որոնման և նրանց մասին տեղեկությունների տրամադրման առնչությամբ՝ Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերը՝ զրկելով ընտանիքներին իրենց հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի մասին իմանալու իրավունքից: Ադրբեջանը պարտավոր է տրամադրել հասանելի բոլոր տեղեկությունները։

«Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ը «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի հետ համատեղ փաստագրել է պայթյունի հետևանքով անհետ կորածների պատմությունները և պատրաստել զեկույց, որը կուղարկվի միջազգային կառույցներին։ Այն նպատակ ունի ապահովել միջազգային ճնշում, որպեսզի Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունները և աշխատանքներ իրականացնի պայթյունի հետևանքով անհետ կորած 23 անձանց հայտնաբերման համար։

Այս զեկույցը միասնական տեղեկատվական ռեսուրս է, որը ստուգված տվյալներ է տրամադրում անհետ կորածների կյանքի և պայթյունի պահին նրանց հետ կապված այլ հանգամանքների մասին։ Զեկույցով կոչ է արվում Ադրբեջանին տրամադրել բոլոր հասանելի տեղեկությունները պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց մասին՝ նրանց հայտնաբերելու աշխատանքներին օգնելու համար։ Նման տեղեկատվությունը թաքցնելով Ադրբեջանը խոչընդոտում է որոնողական աշխատանքների բնականոն ընթացքը՝անտեսելով միջազգային իրավունքը և երկարացնում է ընտանիքների տառապանքը, որոնք իրավունք ունեն առնվազն տեղյակ լինելու իրենց հարազատների ճակատագրերի մասին։

Այդ շրջանում Արցախում առկա խուճապային իրադրությամբ պայմանավորված պայթյունի հետևանքով տուժածների մասին բազմաթիվ ապացույցներ ու տեղեկություններ պարունակող  տեսանյութեր ջնջվել են և ինֆորմացիայի խիստ պակաս կա։ Այնուամենայնիվ, սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի մասին գրել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցները։

Միջազգային լրատվականներից Associated Press-ը, Canadian Broadcasting Corporation (CBC)-ը, Columbia Broadcasting System (CBS)-ը, The Guardian-ը, BBC-ն, Al Jazeera-ն պայթյունից քիչ ժամանակ անց լուսաբանել են այն, հրապարակել են տեսանյութեր և լուսանկարներ, ներկայացնել են նաև պայթյունից առաջ Արցախում տիրող իրավիճակը։

Պայթյունը ակտիվ լուսաբանվել է նաև հայկական մեդիայում․ «Հետք»-ը, «Սիվիլնեթ»-ը, «News.am»-ը, «Ազատություն ռադիոկայան»-ը, ինչպես նաև այլ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ անդրադարձել են բենզինի պահեստի պայթյունին, դրա հետևանքներին ու հետագա զարգացումներին։ Զեկույցում ամբողջացրած են նաև այս տվյալները։  

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031