Տեխնիկական բնույթի, բայց եւ միեւնույն ժամանակ իր կարեւորությամբ չզիջող որոշակի փոփոխություններ է առաջարկել Կառավարությունը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ հունվարի 21-ի հերթական նիստում:
Գործող օրենքով կարգավորող պետական մարմինը հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս օպերատորներին՝ հեռարձակումն անհապաղ դադարեցնելու համար: Կառավարությունն առաջարկել է կարգավորող պետական մարմնին վերապահել նոր գործառույթ՝ վերը նշվածի մասին հայտնել նաեւ այդ ծրագիրը հեռարձակող ցանցային օպերատորին:
Մխիթար Հայրապետյանի ներկայացմամբ նախագծով առաջարկվում է հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտին կցել նաեւ տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետանց պարտքեր եւ պարտավորություններ չունենալու մասին: Վերանայվել են հեղինակազորման եւ լիցենզիայի գործողության կասեցման ու դադարեցման պայմանները:
Առաջարկվող կարգավորումների արդյունքում գործնականում կբացառվեն տարընկալումները, եւ կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը:
Կարդացեք նաև
Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով մարզային հեռուստաընկերությունների գործունեության վերահսկմանը, կարգավորվող գործիքակազմի սահմանմանը:
Հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Եզրափակիչ ելույթում Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետեւողական աշխատանք է տանում՝ գեներացնելով հավելյալ ռեսուրսներ՝ առկա խնդիրները ճիշտ հասցեագրելու եւ քայլ առ քայլ լուծելու համար:
ԱԺ