Կառավարությունն առաջարկում է աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Այս մասին ԱԺ նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ նշելով, որ ««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով եւ կից ներկայացված մի շարք օրենքների փաթեթով սահմանվում են նաեւ այդ ուժերի խնդիրները, ստեղծման, ղեկավարման, պատրաստության եւ կիրառման հետ կապված հարաբերությունները:
Փոխնախարարի խոսքով տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը եւ դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ:
«Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին չկցագրված եւ պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով: Ստորաբաժանման կազմում անձի ներառման հիմքը նրա հետ կնքված պայմանագիրն է, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր»,- ասել է Արման Սարգսյանը:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է աշխարհազորի համակարգի վերակազմակերպմամբ տեղական պաշտպանության ուժերի ներդրման անհրաժեշտությամբ:
Կարդացեք նաև
Հարակից զեկուցումը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին:
ԱԺ