Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն առանցքային պաշտոններից մեկում՝ աշխատակազմի քարտուղարի պաշտոնում առաջարկել է իր գործընկերներից մեկի՝ Ախուրյանի միասնական սոցիալական ծառայության պետ Սերգեյ Իսրայելյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ նախքան քաղաքապետի ժ/պ նշանակվելը` Սարիկ Մինասյանը զբաղեցնում էր Գյումրու Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնը։
Այս պահին Սերգեյ Իսրայելյանին պաշտոնի նշանակելու համար հարցում է ուղարկված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ըստ կարգի՝ երկու շաբաթվա ընթացքում կամ կհաստատեն կամ էլ կմերժեն՝ առաջարկելով թեկնածու կադրերի ռեզերվից։
Առայժմ Սերգեյ Իսրայելյանի թեկնածությունը հաստատված չէ, նա դեռ պաշտոնապես աշխատակազմի քարտուղար նշանակված չէ։
Կարդացեք նաև
Aravot.am-ը կապ հաստատեց նրա հետ, ճշտեցինք, որ նա այդուհանդերձ դուրս է եկել Ախուրյանի միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Գյումրու աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր տնտեսագետ Կարեն Բադալյանը, որը Գյումրու քաղաքապետարան աշխատանքի էր անցել 2012 թվականից, նա եկել էր Ազգային ժողովից՝ Սամվել Բալասանյանի հետ միասին։
Նա հունվարի 9-ին դուրս եկավ աշխատանքից՝ պարզաբանելով, որ թեև իրեն առաջարկել էին շարունակել պաշտոնավարումը, սակայն նպատակահարմար է գտել հեռանալ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ