Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմից հետո Իսրայելն ավելի շատ զենք է մատակարարում Բաքվին, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի». ադրբեջանական կայքի հոդվածը

Հունվար 21,2025 14:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական ընդդիմադիր համարվող «Meydan.tv» կայքը օրեր առաջ մի հոդված էր հրապարակել, որը ներկայացնում եմ հայերեն թարգմանությամբ՝ առանց բառ փոխելու։

«Երկրորդ արցախյան պատերազմից հետո Իսրայելն ավելի շատ զենք է մատակարարում Ադրբեջանին

Դատելով մատակարարումների ծավալներից, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի։

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին: Հարցազրույցում շոշափվել են բազմաթիվ հարցեր, ներառյալ Հայաստանին ուղղված սպառազինման մեղադրանքները և պետության ղեկավարի սպառնալիքները: Ալիևի ելույթից հակիրճ մեջբերումներ.

«Հայաստանում ընթացող սպառազինման գործընթացը նոր սպառնալիքի գործոն է: Մենք չենք կարող կողքից դիտել և ոչինչ չանել: Ադրբեջանի պետական բյուջեի զգալի մասը կծախսվի ռազմական և անվտանգության հարցերի վրա։ … Հայաստանում սպառազինությունների մրցավազքը մեզ ստիպում է, հիմնական հարցերի հետ մեկտեղ, ֆինանսական ռեսուրսներ ուղղել նաև ռազմական հարցերին: Հայաստանը չի կարող մրցակցել մեզ հետ սպառազինությունների մրցավազքում: Հայաստանի սպառազինումը պարզապես կհանգեցնի նոր լարվածության… Զանգեզուրի միջանցքը պետք է և կբացվի: Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ: Նրանք չպետք է մեզ նյարդայնացնեն…»:

Մենք փորձեցինք պարզել, թե վերջին տարիներին ինչպես է Ադրբեջանի սպառազինման իրավիճակը: Այս տարի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի հոդվածն աճել է 18 տոկոսով. պետական բյուջեից դրա համար հատկացվել է շուրջ հինգ միլիարդ դոլար:

Եվ ահա արդեն 25 տարի է, ինչ Իսրայելը ռազմավարական դաշինքի մեջ է Ադրբեջանի հետ՝ միլիարդավոր դոլարների զենք վաճառելով Բաքվին: Փոխարենը Ադրբեջանը 90-ականներից նավթ է մատակարարում Իսրայելին: Փորձագետների գնահատմամբ՝ 2016-2020 թվականներին Իսրայելի բաժինը կազմել է Ադրբեջան զենքի մատակարարումների մոտ 70 տոկոսը:

Երկրորդ արցախյան պատերազմից հետո հայտնի իսրայելական «Haaretz» թերթում հոդված է հրապարակվել «Իսրայելական ավիաբազայից 92 չվերթը պատկերացում է տալիս Ադրբեջան զենքի արտահանման ծավալների մասին»: Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարիներ շարունակ Ադրբեջանը Իսրայելից գնել է բալիստիկ հրթիռներ, ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, անօդաչու կամիկաձեներ և շարունակում է գնել ավելի ու ավելի կատարելագործված մարտական համակարգեր և սպառազինություն:

Մեզ նաև հաջողվել է պարզել, որ ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության բեռնատար ինքնաթիռները թռել են Իսրայելի Օվդա ռազմաօդային բազայից՝ Էյլաթի հյուսիսում, թռել են Իսրայելի և Թուրքիայի վրայով, այնուհետև վայրէջք կատարել Բաքվում: 2024 թվականին եղել է 25 նման չվերթ: Համեմատության համար՝ 2016 թվականին այդպիսի թռիչքները ութն էին, 2018-ին՝ 11, իսկ 2020 թվականի երկրորդ արցախյան պատերազմի ժամանակ՝ 26: Վերջին ինը տարիների ընթացքում այդպիսի չվերթները եղել են 135-ը:

Բաց աղբյուրների տվյալներով, այդ թվում՝ ըստ Flightradar24.com կայքի, անցյալ տարի Բաքվում վայրէջք են կատարել ավելի քան քառասուն բեռնատար ինքնաթիռներ, որոնք զենք էին տեղափոխում Իսրայելից, Պակիստանից, Իտալիայից, Սերբիայից և Բուլղարիայից:

Նայելով մատակարարումների ծավալներին՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի: Կողմերի՝ տարբեր պատրվակներով խաղաղության համաձայնագիր չստորագրելը, Իրանի հետ փչացած հարաբերությունները և տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումը ցույց են տալիս, որ այստեղ չի կարելի բացառել նոր ռազմական գործողությունների հնարավորությունը:

Ի դեպ, Իլհամ Ալիևի ելույթից հետո Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 2020 թվականի պատերազմից հետո առաջին անգամ սոցիալական ցանցերում տեղադրել է «Մեր կամքը երկաթյա է, մեր ուժը՝ անպարտելի» վերնագրով տեսահոլովակ: Սա, թերևս, նույնպես կարելի է դիտարկել որպես ուղերձ»։

Ու երբ Ալիևը Հայաստանին հանիրավի ու անհիմն մեղադրում է զինվելու ու «ռևանշիզմի» մեջ, ՀՀ պատկան մարմինները առանձնապես ջանք չեն թափում խոսելու Ադրբեջանի ակտիվ ռազմականացման մասին, քանի որ դա ձեռնտու չի, չէ՞ որ «խաղաղության» մասին փուչիկը կարող է հանկարծ պայթել, անհարմար բան կստացվի, կպարզի Արցախը «Ղարաբաղ» ասելն ու Ադրբեջանին նվիրելը այդքան էլ Հայաստանին խաղաղություն չբերեց, այլ ամբողջությամբ հակառակը՝ մեծացրեց Ադրբեջանի ախորժակը ու թիրախի տակ դրեց հենց Հայաստանի Հանրապետությանը․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել