«Փաստացի Նիկոլ Փաշինյանի տեսանյութը խոսում է այն մասին, որ նա հաշտ է այս որոշման հետ։ Մարդիկ պետք է իմանան, որ Նիկոլ Փաշինյանի համար նորմալ է, որ եթե մեկ տոմս ես գնում, 300 դրամ է դառնում գինը, տարեկանը՝ 90 հազար դրամ»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա վստահեցրեց՝ տրանսպորտի թանկացումների հետ կապված ամենատուժող կողմն են թոշակառուները․ «Մարդիկ կան` ամսական երկու-երեք անգամ են օգտվում տրանսպորտից և երեք հարյուր դրամ են վճարելու։ Պարոն Փաշինյա′ն, էդ 30 տոկոս զեղչը չի գործում երեք հարյուր դրամի վրա, մեկ օրվա դեպքում, յոթ օրվա դեպքում։ Ոչ մի բան չի գործում»։
Հայկ Մարությանը վստահ է՝ այսպես որ շարունակվի, կարող է քաղաքացիական բունտ հասունանալ։ Ըստ նրա՝ արդեն առավոտվանից պետությունն անցել է գրոհի․ «Նախ վարչապետը անձամբ գնաց, փորձարկեց, ասաց, որ շատ գոհ է, ճանապարհին էլ պատմեց, թե ինչքան մարդու է տեսել, չգիտես ինչու՝ նկարահանված չէ դա, ինչը կասկածի տեղիք է տալիս, որ նման խոսակցություններ չեն եղել, այլ եղել են շատ ավելի վատ խոսակցություններ մետրոյում։ Ամեն օր փողոցում տեսնում եմ հազարավոր մարդկանց, և ես ենթադրում եմ, որ ժողովուրդը սուր արձագանք է տվել»։
Կարդացեք նաև
Հայկ Մարությանը նաև վստահեցրեց՝ ոչ մեկի չեն կարող տուգանել տրանսպորտի ուղեվարձը չվճարելու կամ հարյուր դրամ վճարելու համար․ «ԿԳԲ-ն նույնպես գրոհի է անցել, և ապատեղեկատվություն են տարածում, թե իբր հիսուն հազար դրամ տուգանք է հասնում առանց տոմս երթևեկելու կամ հարյուր դրամ տալու համար։ Այդպիսի տուգանք գոյություն չունի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով։ Դա սուտ է։ Դա արվում է, որ մարդկանց վախեցնեն, և նրանք հետ քաշվեն բոյկոտից»։
Հայկ Մարությանն ասաց՝ իրենց իրավաբանները ևս մեկ անգամ ստուգել և հավաստիացնում են, որ նման օրենք գոյություն չունի։ Նա խոստացավ՝ եթե ինչ-որ մեկին փորձեն ուղեվարձը չվճարելու կամ հարյուր դրամ վճարելու համար տուգանել, իրենք բոլոր ծախսերն ու իրավական աջակցությունը կվերցնեն իրենց վրա։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ