Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի սպառողը կարողանա տարբերել կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե՞ առանց դրա, առաջարկվում է օրենքով սահմանել դրույթ, ըստ որի` դրանք կտարանջատվեն գունային դարակաշարերով

Հունվար 21,2025 14:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ներկայում լայն տարածում է գտել կաթնային յուղի (ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի վաճառքը: Որպեսզի սպառողը կարողանա տեսողականորեն տարբերել, թե կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի, անհրաժեշտ է օրենքով սահմանել դրույթ, ըստ որի` կաթնամթերքի վաճառքն առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կտարանջատվի գունային դարակաշարերով: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը: Նա առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Զեկուցողը նշել է, որ կաթնային յուղի փոխարինիչով պատրաստված արտադրանքն ավելի էժան է, քան բնական հումքով պատրաստվածը: Հստակ տարանջատման բացակայությունը սպառողին մոլորության մեջ է գցում: Տվյալ դեպքում սպառողն ավելի թանկ վճարելով` գնում է ավելի էժան արտադրանք: Փոխնախարարի խոսքով կարգավորումն էական ֆինանսական բեռ չի լինի տնտեսավարողների վրա, քանի որ ցանցային առեւտրի եւ փոքր օբյեկտներն ունեն բավարար քանակությամբ առանձնացված դարակաշարեր. տվյալ դեպքում պետք է կիրառվի միայն գունային տարանջատման պահանջը:

Տաթեւիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ սեփական արտադրանքի առավելությունը ցույց տալու նպատակով արտադրողին առաջարկվում է հնարավորություն տալ կամավոր հիմունքներով կիրառել գունային ինքնակպչուն պիտակներ` արտադրատեսակների տուփերի վրա գունային տարանջատման միջոցով առանձնացնելու առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի եւ կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքը:

Նախագծով նախատեսվում է առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի վայրերում կանոնակարգել նաեւ կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները: Սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի N 5 ձեւի անասնաբուժական վկայականը կամ պիտակն առաջարկվում է փակցնել սպառողներին տեսանելի տեղում, որը հնարավորություն կտա սպառողին նույնականացնել մթերքի կամ հումքի ծագումը: Սպառողներին տեսանելի տեղում պիտակը չփակցնելու դեպքերում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ առաջարկվում է կիրառել վարչական պատասխանատվություն` սահմանելով արարքին համարժեք վարչական տույժեր: Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել նաեւ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում:

Օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետն է ներկայացրել հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը:

Պատգամավորներն իրենց հարցերում անդրադարձել են, մասնավորապես, դարակաշարերի դասավորվածությանն ու քաղաքացիների իրազեկվածության մակարդակի պակասին, Հայաստան ներմուծվող կաթնային յուղերի` ստանդարտներին համապատասխանելուն վերաբերող խնդիրներին:

Հարցը քննարկվել է Ազգային ժողովի` հունվարի 21-ի նիստում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031