«2024թ նոյեմբերի 15-ից մինչեւ 2025թ հունվարի 20-ը՝ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված, Սեւանա լճում վերահսկողական ուժեղացված միջոցառումներ են իրականացվում՝ Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Սննդի տեսչական մարմնի, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը: Նա հավելեց, որ աշխատանքները եղել են մի քանի փուլով՝ ներառյալ Սեւանա լիճը գոտեւորող համայնքների ձկնորսների հետ հանդիպումները, իրազեկման, լողամիջոցների դուրս բերման աշխատանքները:
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Արտուշ Ղուկասյանի խոսքով, 2024թ նոյեմբերի 1-ից սկսած՝ մի քանի գերատեսչությունների եւ կառույցների հետ համատեղ, իրականացվել են իրազեկման աշխատանքներ Սեւանա լճի առափնյա համայնքներում, ձկնորսները տեղեկացվել են ուժեղացված ռեժիմի մասին. «Բնակչությունը նախորդ տարիների համեմատ շատ հանգիստ եւ նորմալ է ընդունել այս ամենը, քանի որ արդեն նախապատրաստված էր: Այն կարգի արգելք, ինչպիսին այս տարի է եղել, որեւէ տարի չենք ունեցել, եւ այս տարի արդյունքներն առավել քան գոհացուցիչ են եղել: Մինչեւ նոյեմբերի 15-ը հիմնականում լողամիջոցները հեռացվել են, իսկ այն ձկնորսները, որոնք ինչ-ինչ պատճառերով չեն հեռացել, նրանց լողամիջոցները էկոպարեկների կողմից տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք՝ հետագայում վարչարարություն իրականացնելու նպատակով»:
Վրեժ Գալոյանը հավելեց, որ առգրաված սիգ ձկնատեսակի քանակը եղել է 2784 կգ, բնությանը պատճառված վնասի չափը կազմել է 12 մլն 844 հազար դրամ, առգրաված լողամիջոցների քանակը 61 էր, խեցգետնաորսիչները՝ 119, ձկնորսական ցանցերը՝ 908 եւ լողամիջոցի առգրաված շարժիչների թիվը՝ 3: «Ուզում եմ տեղեկացնել, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ձկան այդ մեծ քանակը բռնագրավել է հենց Սեւանա լճի տարածքում: Նախորդ տարիներին սիգը ավելի շատ Երեւանի շուկաներում կամ այլ վայրերում էր վաճառվում, բայց այս տարի ավելի շատ իրականացվել է Սեւանա լճի ավազանում»,-ընդգծեց նա: Վրեժ Գալոյանը նաեւ տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ՝ ապօրինի որսված ձուկը հանձնվում է հատուկ խնամքի կենտրոններ, վայրի կենդանիների պահման վայրեր:
Արտուշ Ղուկասյանն էլ նշեց, որ շուրջօրյա հերթապահություն է սահմանվել թե տեսչական մարմնի, թե Բնապահպանության նախարարության էկոպարեկների մասնակցությամբ. «Այս տարի առաջին անգամ ապօրինի ձկնորսության 11 դեպք է արձանագրվել, որոնց քրեաիրավական գնահատական է տրվել: Դրանք այն մարդիկ են, որոնք անմիջապես անօրինական ձկնորսության պահին մեր տեսուչների կողմից հայտնաբերվել են, ոմանց հայտնաբերել են անգամ գիշերային ժամերին: Եղել են դեպքեր, երբ ձկնորսները դիմել են փախուստի, տեղում թողել նավակը, ապօրինի որսված ձուկը եւ որսի միջոց հանդիսացող պարագաները: Հարուցված են քրեական վարույթներ»:
Կարդացեք նաև
Մանրամասն տեսանյութում՝ ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ