Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի դատավարության նկարներից ամենից շատ պետք է վախենան Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը, իսկ դատվող մեր հայրենակիցները այդ կարգավիճակում էլ Ալիեւին հաղթում են». Էդգար Ղազարյան

Հունվար 21,2025 14:04

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Մհեր Սարգսյանի ողբերգական մահվան հետ կապված կասկածներ հայտնեց, որ դա կարող էր տեղի ունենալ պատահական եւ նշեց, որ այդ առումով իր համար մութ հարցեր կան:

Անդրադառնալով Բաքվում այս օրերին ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու եւ ցինիկ դատավարությանը՝ պարոն Ղազարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այսուհետ հունվարի 17-ը պետք է հռչակվի որպես համազգային ամոթի եւ նսեմացման օր: Մենք տեսել ենք այդ կադրերը Բաքվի դատարանում: Դա բոլորիս ուղղված համազգային նսեմացում է: Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետը եղել է Նիկոլ Փաշինյանը: Եվ սա նշանակում է, որ քանի դեռ Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, այս ճակատագիրը սպասվում է ամեն մի հայի: Տեսեք՝ ովքեր են Բաքվի բանտերում: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Արցախի երկու նախագահները՝ Բակո Սահակյանը եւ Արայիկ Հարությունյանը: Այսինքն, ինքը գնացել է Արցախ, իրեն ընդունել են, պաշտոնական հանդիպումներ է ունեցել, խորհրդակցություններ է անցկացրել, Երեւանում ինքն է ընդունել նրանց, միասին միջոցառումների են մասնակցել, Արայիկ Հարությունյանի երդման արարողությանն է մասնակցել: Ում հետ, որ ինքն առնչվել է, այդ մարդիկ նստած են այնտեղ: Իր պաշտոնավարման շրջանում Դավիթ Բաբայանը Արցախի արտգործնախարարն է եղել: 2018-ի մայիսի 9-ին, իր պաշտոնավարման առաջին օրը, երբ գնացել էր Ղարաբաղ, այցելել է Արցախի պաշտպանության բանակ: Այդ ժամանակ ՊԲ հրամանատարը եղել է Լեւոն Մնացականյանը: Հիմա Լեւոն Մնացականյանը կանգնած է Բաքվի դատարանում: Ռուբեն Վարդանյանը: Հապա հիշեք՝ 2018 թվականին առաջիններից մեկն էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների էր մասնակցում, տնտեսական զարգացման հարցեր էին քննարկում, իրենց կրթական ծրագրերը, «Ավրորա» մրցանակաբաշխության ծրագրերին էին մասնակից դարձնում, հիմա կանգնած է Բաքվի դատարանում:

Այսինքն, ում հետ ինքը առնչվել է, գործընկերություն է ունեցել, շատ հանգիստ նրանց ուղարկում է Բաքվի դատարան: Ու այս մարդկանց վերագրվող մեղադրանքները վերաբերելի են ցանկացած հայ մարդու:

Ինչո՞ւմ են մեղադրվում այդ մարդիկ: Ասում են՝ դուք ստեղծել եք ապօրինի զինված ահաբեկչական կազմակերպություն, նկատի ունեն Արցախի պաշտպանության բանակը, ղեկավարել եք այդ կազմակերպությունը, մասնակից եք եղել դրա գործունեությանը: Հիմա ով երբեւէ եղել է Արցախի պաշտպանության բանակում, ծառայել է, սկսած երկու տարվա ժամկետային զինծառայողներից, մինչեւ ՊԲ հրամանատարը, այդ մեղադրանքները նրանց վերաբերելի են: Նիկոլ Փաշինյանի տղան էլ է Արցախում ծառայել, կինն այնտեղ ինչ-որ վերապատրաստում է անցել:

Ես կարծում եմ, որ Ալիեւը իր այս վիճակով ոգեւորված, որ իրեն թվում է, թե ինքը Հայաստանին, հայ ժողովրդին հաղթել է, գնաց նսեմացման այս ստոր քայլին՝ առանց հասկանալու, որ դրանով ինքն իր վիճակը ավելի բարդացրեց: Այս նկարներից ամենից շատ պիտի վախենան Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը, որովհետեւ այս հեռանկարը իրենց է սպասվում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031