Մոսկվայում մեկնարկել են ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։
Հայաստանը ներկայացնելով որպես բնական ռազմավարական գործընկեր և դաշնակից՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան մշտապես գնահատել և շարունակում է գնահատել եղբայրական կապերը երկրի և հայ ժողովրդի հետ:
Նրա խոսքով՝ Մոսկվան ակտուալ է համարում Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո. «Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ զարգացնելու այն եռակողմ պայմանավորվածությունները, որոնք 2020թ.-ին, 2022թ.-ին ձեռք են բերվել երեք երկրների ղեկավարների կողմից», – ասել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի և Երևանի առևտրատնտեսական հարաբերությունները վերելք են ապրում: «Առևտրաշրջանառությունը հասնում է ռեկորդային թվերի՝ անցած տարվա ընթացքում գրեթե 12 մլրդ դոլարի», – ասել է նա:
Կարդացեք նաև
Երևանը միտված է Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելուն, նաև հույս ունի, որ ՌԴ-ն ինչ-որ չափով հաշվի կառնի ՀՀ շահերը միջազգային հարթակներում. Լավրովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը, մասնավորապես, ասել է.
- Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին:
- Երևանը փորձում է ըմբռնումով մոտենալ ՌԴ շահերին, և կա ցանկություն ու ըմբռնում, որ ռուսական կողմն էլ միջազգային հարթակներում հաշվի կառնի Հայաստանի շահերը։
- Հայաստանը տրամադրված է տարածաշրջանի տնտեսական գրավչության բարձրացմանը և վերահաստատում է Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման պատրաստակամությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ ՌԴ իր այցը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի քննարկման համար: