«Այն փաստաթուղթը, որը ստորագրվել է եւ երկկողմ հաստատվել է, այնտեղ ֆիքսված է, որ անկլավների հարց չկա։ Երկրորդը, մենք անկլավների հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում, կա Արծվաշենը, մեր հայկական անկլավը։ Եվ մենք ոչ մի խնդիր չենք տեսնում որեւիցե փուլում այդ քննարկումը սկսելու։ Եվ չենք կարծում, որ դա օրակարգային մի հարց է, որի շուրջ մենք պետք է ինչ-որ ձեւով անհանգստանանք կամ մտահոգություն ունենանք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ շատ կարեւոր է, որ իրավական փաստաթղթավորում լինի բոլոր այդ տարածքների հետ կապված։ «Կնայենք, եթե այդ տարածքների իրավական փաստաթղթավորում կա, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում։ Ինչ վերաբերում է ճանապարհներին, Արծվաշենը նույնպես գտնվում է անկլավային կարգավիճակում եւ Արծվաշենը նույնպես ճանապարհի խնդիր պետք է ունենա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին, թե երաշխիք ունե՞ն, որ Ադրբեջանի պահանջները կատարելուց հետո ՀՀ իշխանությունները եւս Բաքվի բանտերում չեն հայտնվի, մասնավորապես ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է ասել, որ «խնդիր է դրված Գյանջայի հրթիռակոծության հրաման տվողի «բացահայտմանը», որն էլ հետեւողականորեն «կարվում» է Նիկոլ Փաշինյանի վրա», Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Նախ, որեւիցե մեկը որեւիցե մեկի պահանջը չի կատարում, կա քննարկում, հայկական կողմը բազմաթիվ թեզեր է առաջ քաշել, ադրբեջանական կողմի հետ քննարկելով՝ եկել է համաձայնության։ Տիգրան Աբրահամյանի մեկնաբանությանը չեմ ուզում անդրադառնալ, կարծում եմ՝ Տիգրան Աբրահամյանն ավելի լավ է անհանգստանա Սերժ Սարգսյանի քրեական գործերով եւ դատավարություններով ՀՀ-ում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ