«Արձագանքելու որեւէ բան չկա, ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում։ Հույս ունենանք, որ դատավարության ավարտից հետո հնարավորություն կլինի այդ մարդկանց ինչ-որ ձեւով բան անել»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում հարուցված շինծու քրեական գործերին ու դատավարությանը։
Ընդդիմությունն ու Արցախի իշխանությունները հայտարարում են, Հայաստանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ու մյուս գերիներին Բաքվի բանտերից ազատելու համար։ Անդրադառնալով այս մեղադրանքներին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ղարաբաղի ովքե՞ր են հայտարարում։ Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին եւ ասածներին միտված չեմ հետեւել եւ համարում եմ, որ ավելի լավ կլինի՝ իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետեւանքը տեսանք։ Կարծում եմ՝ ճիշտը իրենց կողմից լռելն է»։
Հարցին՝ «դուք որոշումներ կայացնեք իրենք ճակատագրի մասին, իրենք լռե՞ն», Ալեն Սիմոնյանը նման պատասխան տվեց․ «Իրենք ՀՀ-ում կարգավիճակ չունեցող մարդիկ են, ոմանք քաղաքացի են, ոմանք փախստական են։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը մեկն է, եւ, այո, մենք պետք է որոշում կայացնենք, եւ իրենք այդ որոշումներին ենթարկվեն, այլ ոչ թե փորձեն իրենք ինչ-որ առանձին օրակարգ առաջ տանել։ Դա չի էլ ստացվելու, թույլ էլ չենք տալու, ուստի, թող իմանան ով ինչով է զբաղվում ու հանկարծակի չսխալվեն, բազմիցս դրա մասին ասել եմ»։
Լրագրողները նաեւ հիշեցրին, որ իրենց իշխանությունն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ «Մեր կայացրած որոշումով չէ, Արցախը՝ Ղարաբաղը, երբեւիցե Հայաստանի կողմից չի ճանաչվել որպես անկախ պետություն որեւէ իշխանության ժամանակ։ Եվ, այո, Հայաստանի Հանրապետությունը իր որեւիցե հարեւանի նկատմամբ տարածքային պահանջ չունի եւ չի ունեցել»։
Կարդացեք նաև
Ի դեպ, Ալեն Սիմոնյանն ասաց՝ «Արցախ», բայց իրեն ուղղեց եւ մի քանի անգամ շեշտեց «Ղարաբաղ»։ Հարցին, թե հատո՞ւկ է շեշտում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Այո, ես կարծում եմ՝ ճիշտ Ղարաբաղ ձեւակերպում օգտագործելն է»։
Երբ լրագրողները հիշեցրին Արցախի ու Աղդամի մասին իր նախկին հայտարարությունները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Բոլորս էլ սխալվում ենք»։
Նիկոլ Փաշինյա՞նն էլ սխալվեց, երբ ասաց «Արցախը Հայաստան է, եւ վերջ», այս հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Վարչապետը դրա մասին ասել է, եւ մեր մտածելակերպի ու իրականության մեջ մենք բոլորս այլ պատկերացում ենք ունեցել, այդ թվում՝ ես ու ինքը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը եւ Արցախի ԱԺ պատգամավորները Մայր Աթոռում 2024-ի նոյեմբերի 10-ին մասնակցում են միասնական աղոթքի՝ն գերեվարված հայորդիների ազատության համար: