«Ես քաղաքական պատասխանատվության համար ուղիղ հարցեր եմ տալիս երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,-Երևանի քաղաքապետարանի արտահերթ նիստի տապալումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Նա ասաց՝ իր բարձրացրած բոլոր խնդիրների վերաբերյալ ուզում է լսել Նիկոլ Փաշինյանի տեսակետը, դա նաև ժողովրդի պահանջն է․ «Ստվերը չի վերացել, արժանապատիվ տրանսպորտ չկա, ԹելՍելը չի գործում, ազգային անվտանգության խնդիր կա։ Մենք զոհվածների ընտանիքների անդամներին, ՊՆ աշխատակիցներին, որպեսզի անվճար երթևեկեն, խնդրում ենք, որ տան իրենց անձնական տվյալները։ Այդ կարևոր ինֆորմացիան տալիս ենք օֆշորում գրանցված ընկերությունը։ Հետո կարո՞ղ եմ ասել, որ կարող է թուրքերի վրա ծախեն այդ տեղեկատվությունը և նրանք էլ սկսեն մեզ հետևել»։
Մեսրոպ Մանուկյանը վստահեցրեց՝ քանի դեռ քաղաքային իշխանությունը չի վերացրել ստվերը, թալանը, պարտավոր չէ թանկացնել տրանսպորտը։ Նա հորդորեց քաղաքացիներին բոյկոտել և չվճարել տրանսպորտի համար։
Լրագրողներն էլ ասացին՝ քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե հսկիչներ են լինելու, այդ դեպքում քաղաքացիներն ինչպե՞ս բոյկոտեն, Երևանի ավագանու անդամն ասաց․ «Օրական 600 շարժակազմ դուրս է գալիս Երևանի փողոցներ, այսինքն՝ ամեն շարժակազմում երկու հսկիչ պիտի լինի։ Այդ 1200 աշխատակիցներն ովքե՞ր են, ե՞րբ են գործի ընդունել, որ տեղյակ չենք, ժողովրդին վախեցնում և ահաբեկում են»։
Կարդացեք նաև
Լրագրողների փաստմանը՝ այսօր Նիկոլ Փաշինյանը մետրոյով է երթևեկել ու հայտարարել, թե լավ էլ աշխատում է համակարգը, Մեսրոպ Մանուկյանն այսպես արձագանքեց․ «Նիկոլ Փաշինյանը համակարգից սկսել է օգտվել ժամը վեցին կամ յոթին, երբ եզակի մարդիկ են օգտվել, կամ էլ քաղաքային իշխանության վարչական ռեսուրսը ու ԹելՍելի ու Մետրոպոլիտենի ռեսուրսը կենտրոնացել են, որ այդ արդյունքն ունենանք։ Փաստ է, չէ՞, որ քաղաքացիները նստում են, ու չի աշխատում համակարգը կամ քաղաքացին գումարը վճարում է, ԹելՍելը գողանում է գումարը։ Այս պարագայում թող ոչ թե քավության նոխազ սարքեն Սուրեն Գրիգորյանին, որը ջատագով էր, այլ ժողովուրդը հասկանա, որ դրա պատասխանատուն Սուրեն Գրիգորյանը չէ, նա ոչ մի բան է․ ամեն ինչի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է եղել»։
Մեսրոպ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանից ակնկալում է, որ ուղիղ եթերով կամ փոթքաստով անդրադառնա այս բոլոր խնդիրներին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ