Արձագանք ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի» վերաբերյալ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հայտարարությանը
Անկասկած է, որ մշակույթին վերաբերող հիմնավոր օրենքի ընդունումը իսկապես պատմական նշանակություն ունեցող երևույթ է, քանզի մշակույթին առնչվող օրենքների փոփոխությունները ոչ միայն ամենօրյա բնույթ չեն կրում, ոչ միայն տարեկան բնույթ չեն կրում, այլ երբեմն նույնիսկ տասնամյակներ շարունակ որևէ էական օրենսդրական փոփոխություն չի կատարվում երկրի կառավարման մշակույթի բնագավառում:
Ինչպես ժողովուրդն է ասում` «մշակույթը մեքենայի հինգերորդ անիվն է, դրա համար էլ մշակույթին արտակարգ իրավիճակներում է հերթ հասնում. սովորաբար մշակույթին հերթ չի հասնում»: Այդ տեսակետից մշակույթի վերաբերյալ միայն արդեն օրենսդրական հոգածությունը ամենաբարձր դրվատանքի է արժանի և պետության կողմից մշակույթի կարևորությունը ընդգծելու բացահայտ դրական ցուցիչ է, պետության մշակութային հոգատար գործունեության հստակ ցուցանիշ:
Ինչ վերաբերում է պարոն Դանիելյանի կողմից բնորոշված օրենսդրական նշանակությանը՝ այն ձևակերպված է այսպես.- «Այն համահունչ է ՀՀ մշակույթի պաշտպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը և ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործողությունների ծրագրին»: Ապա շեշտվում է. «Օրենքի նախագծով արժևորվում են մշակույթի տնտեսականացումը, միջազգայնացումը, ապակենտրոնացումն ու հանրահռչակումը, ինչպես նաև իմաստավորվում են ՀՀ պետական մշակութային կազմակերպություններում գործող կառավարման մոդելների կատարելագործումը և ֆինանսական նոր մոդելների ներդրումը»:
Կարդացեք նաև
Իհարկե, կուզեինք հավատալ և չհավատալու ոչ մի հիմք չունենք, որ բառային հրաշալի ձևակերպումները իսկապես որ իրականություն կդառնան, քանզի հայտարարվող ձևակերպումների մեջ ընդգրկվում են այն ցանկալի դրույթները, որոնք նպատակային են ոչ միայն պետության համար, այլև շատ ավելի կենսական նշանակություն ունեն հատկապես արվեստագետների համար, ովքեր գործնականում կրում են մշակութային դաշտին վերաբերող գրեթե բոլոր տեսանելի հաջող կամ անհաջող դրսևորումները:
Եթե փորձ անենք փոքր ինչ աֆորիստիկ խտությամբ ձևակերպել նախատեսվող օրենսդրական երևույթը, ապա կստացվի, մոտավորապես հետևյալը, որ` մշակույթի ոլորտի ցանկությունների դարավոր ձգտումը օրենքի ուժ է ստանում: Եթե իսկապես այդպես է, ապա սա պատմական երևույթ է:
Հույս ունենք, որ դա չի դառնա ուղևորի ամրագորտիների մասին օրենքի նման «օրենք» կամ մեքենաներում պարտադիր հրշեջ «բալոն» ունենալու նման օրենքի նման «օրենք», որոնց «անունը կա, բայց ամանում չկա»:
Մշակույթի ոլորտի տասնամյակների մեր դիտարկման բերումով, վստահ ենք, որ արվեստագետների շրջանում ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի փոխնախարարի հաջորդ հայտարարությունը. «Կարևորվում են…. ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը և հավասար մրցակցային դաշտի ապահովումը»: «Ինքնազբաղ արվեստագետ» եզրը իրական կյանքում միշտ կար, բայց կարծես թե ձևակերպումը նոր եզրույթ է մեր մշակույթի ոլորտում: Եթե դա այդպես է և դա օրենքի ուժ է ստանում, ապա սա ևս նոր ու մեծ երևույթ կարող է դառնալ, քանզի, եթե փորձենք այն «խիտ» ներկայացնել, ապա`«առաջներում» կամ «նախորդները» կամ «նախորդ կառավարությունները» արվեստագետին նայում էին իրենց խիստ ծանր բյուրոկրատիայի նեղ պրիզմայով, որի արդյունքում, եթե արվեստագետի ներկայացված ծրագիրը պաշտոնյան չէր հավանում, ապա այն գործնականում չէր ֆինանսավորվում, իսկ հիմա երբ օրենք կա գրված, ապա բոլորովին պարտադիր չէ, որ պաշտոնյան հասկանա արվեստագետի ծրագիրը, նա պետք է ապահովի «ինքնազբաղ», «անկախ» կամ «ազատ» արվեստագետի իսկապես ազատ ու «անհասկանալի» ծրագիրը, անկախ այն հանգամանքից, թե որքանով է իր համար դա հասկանալի կամ` ոչ:
Եթե այդ օրենքը կամ կարգը կյանքի կոչվի և այն գործնականում աշխատի, ապա արվեստագետները նոր տեսակի գործունեության իսկապես շատ մեծ իրական ազատություն կստանան, իրենց միտքը «առաջվա նման» մի կերպ «սեղմող կոշիկի նման» չեն հարմարեցնի պաշտոնյաների կամ «լիազոր մարմնի» (Դանիել Դանիելյան) գրեթե միշտ քաղաքական բնույթի ճաշակին և այդ կերպ իրականություն կդառնա հայտարարված մյուս կարևորագույն դրույթը` մշակույթի ապակենտրոնացումը, որը կբերի մշակութային կյանքի նոր զարթոնքի` անհամեմատ ավելի մեծ բազմազանության ու շատ ավելի արագընթաց զարգացման:
Մեր այս արձագանքում օրենսդրական քայլից բաց կողմերի մասին չենք գրի (օրինակ` «ազգային» կամ «հայկական» կոչվող խիստ վիճաբանական դրույթի մասին. հիմա դրա տեղը չէ), քանզի մշակույթի ոլորտում կատարված օրենսդրական նախաձեռնությունը այնպիսի հազվադեպ, այնպիսի պատմական և այնպիսի մեծ երևույթ է, որ առաջին հերթին պիտի ցանկանանք, որ այդ դրույթները հնարավորին չափ շուտ գործնական իրականություն դառնան և կյանքի կոչվեն այնպես, ինչպես այն գրված է օրենքում և ամեն ինչ լինի օրենքով, օրենքի տառով և օրինական: Այն, ինչն օգտակար է մշակույթին և արվեստագետին, մենք «երկու ձեռքով» միշտ այն պաշտպանում ենք:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ