Ազգային ու պետական շահը անձնական շահից վեր դասելու ընդունակությունը ձեռքբերովի չէ։ Այն պայմանավորված չէ գրագիտության կամ անգրագիտության հետ։ Դա Աստվածատուր շնորհ է, որը որևէ պահի կարող է ի հայտ գալ ցանկացած մարդու մոտ, իսկ այն գործադրելու ամենօրյա հնարավորությունը ի հայտ է գալիս հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր բնական ճանապարհով հասնում են իշխանության, ընդ որում՝ այդ իշխանությունը կարող է լինել հոգևոր, այսինքն` եկեղեցական իշխանություն կամ աշխարհիկ, այսինքն` քաղաքական իշխանություն։ Այլ տիպի իշխանություն գոյություն չունի, իսկ եթե գոյություն էլ ունեն, ապա գտնվում են կամ հոգևոր կամ աշխարհիկ իշխանության ծիրում։
Դատական համակարգը, բնականաբար, դիրքավորված է քաղաքական իշխանության դաշտում, թեև դա միշտ չէ, որ այդպես է եղել, գիտենք, որ Եկեղեցու ներկայությունը նույնպես դատական համակարգում ժամանակին խրախուսելի է եղել Աստվածապաշտ քաղաքական իշխանությունների կողմից։
Հայաստանի ներկա իշխանությունների պարագայում, դրա մասին խոսելը, մեղմ ասած, ժամանակավրեպ է, քանի որ տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական վերադասավորումների ֆոնին Հայաստանում այդ հույժ կարևոր համակարգի ձևավորման ու զարգացման գործընթացներում ավելի շատ հնարավորություն ունեն դերակատարում ստանձնել բարոյականության ցածր մակարդակ ունեցող մարդիկ, ովքեր հասարակության մեջ, բացի մի խումբ մարդկանցից, վստահություն չեն ներշնչում։
Սիրուն-սիրուն խոսքեր ասելով չէ, որ մարդը պետք է պատասխանատու պաշտոն ստանձնի դատական համակարգում, որտեղ որոշվում են մարդկային ճակատագրեր, իսկ որոշ դեպքերում՝ նաև ազգի ճակատագիրը։ Նման մարդիկ չեն կարող պետական ու ազգային շահը վեր դասել անձնական կամ խմբակային շահերից, և արդյունքում նրանք վեր են ածվում պարզապես չարիքի՝ հասարակության և հենց այդ խմբակի համար, որը շատ պատասխանատու պաշտոնների է առաջադրում նման մարդկանց։
Կարդացեք նաև
2019 թվականի հունվարի 29-ին հրապարակվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մինչ օրս կայացրած լավագույն որոշումներից մեկը, համաձայն որի պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ՝ կարգավորելու համար պետության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հարաբերություններում առկա խնդիրները։ Այդ խումբը ստեղծվեց, սակայն փաստացի այն չի գործում։ Եթե Աստված այդ բարեբախտությունը շատ չհամարեր և այդ հանձնախումբը գործեր մինչ օրս, ապա անցած հինգ տարիների ընթացքում շատ ավելի առողջ հասարակություն ունենալու հնարավորություն կունենայինք, Պետությունն էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ այդքան անհաղորդ չէր լինի և բնականաբար, պետական համակարգի առանցքային պաշտոններում մասնագետների առաջադրելու հարցում Եկեղեցու հետ խորհրդակցությունները ավելորդ չէին լինի։
Իշխանությունները, հատկապես վարչապետը, պետք է հաղթահարի Եկեղեցու հանդեպ ունեցած իր վնասակար խանդը։ Այս ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել ՀՀ վարչապետի կողմից 2019 թվականի վերոնշյալ որոշումը կրկին կյանքի կոչելը։
Եկեղեցին երբեք պետության առկայության պարագայում քաղաքական իշխանության հասնելու նպատակներ իր առջև չի դրել և, վստահ եմ, որ չի էլ դնի։ Ժամանակն է, որպեսզի Եկեղեցի – Պետություն հարաբերություններում սուր անկյունների հարթման գործընթաց սկսվի։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Լուսանկարում՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն 01.11.2019-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ: