«Չինովնիկների աշխատասենյակում ձմռանը միշտ տաք է, ամռանը միշտ զով է․ իրականությունից կտրվում են»,- Երևանի քաղաքապետարանի արտահերթ նիստի տապալումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նա վստահեցրեց՝ մարդիկ վճռական են տրամադրված բոյկոտելու տրանսպորտի թանկացումը։ Ասաց, որ քաղաքացիների կողքին են լինելու փողոցում․ «Մեր գործողությունները կրելու են ամենօրյա բնույթ, այս ֆեյսբուքապետությունը, որ իրենք կառուցել են, պետք է տեսնեք, թե իրենց հրապարակումների ներքո ինչ մեկնաբանություններ են գրում քաղաքացիները, իրական մարդիկ։ ՔՊ-ի վերնախավից չկա մի խորհրդարանական գործիչ, որը կկիսի այդ պատասխանատվությունը, կասի, որ մեր կուսակցական ընկերոջ առաջարկած փոփոխությունները կիսում ենք և համարում օրինաչափ։ Այդ թանկացումների մերժողականությունն ընդհանուր փաթեթի մեջ է նայվում՝ գույքահարկ, տեղական տուրքեր և այլն։ Այս ամենին, երբ տրանսպորտը գումարում եք, տպավորություն է, որ ինչ-որ մեկը որոշել է՝ պետք է ՔՊ-ն գնա վերջնական հեղինակազրկման և գաhավիժման։ Այդ առումով ողջունում ենք այդ խորհրդատուին։ Շարունակեք նույն կերպ, և անկախ նրանից՝ այդ մարդիկ քաղաքական ինչ նախասիրություններ ունեն, առաջիկա ընտրությունների ժամանակ բոլոր հիշյալ խմբերի քաղաքացիներն իրենց վճռական հարվածն են հասցնելու այս իշխանությանը՝ քվեարկությամբ։ Մենք գործ ունենք ՔՊ-ի վերջին ժամանակների հետ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այս ամենն արվում է, քանի որ ուզում են, որ Տիգրան Ավինյանի դե՞մ ալիք բարձրանա, Մանուկ Սուքիասյանը պատասխանեց․ «Առանձնապես տարբերակված հետաքրքրություն չեն տեսնում։ Եթե իբր թե Ավինյանին հանեն, մեկ ուրիշին բերեն, նա լինելու է «նյու» Ավինյան։ Ինչ արել է, Տիգրան Ավինյանը միայնակ չի արել, այդ պատասխանատվությունը կիսել են քույր կոալիցիոն գործընկերները և ամբողջ խմբակցությունը։ Ավինյանական վարքագծի ողջ պատասխանատվությունը կիսում է ամբողջ ՔՊ վերնախավը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ