Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրեն Գրիգորյա′ն, համարձակություն ունեցիր, արի ժողովրդի առաջ ստվերի ու թալանի համար պատասխան տուր»․ Մեսրոպ Մանուկյան

Հունվար 21,2025 11:27

«Ես հրապարակայնորեն հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին դատախազություն և ԱԱԾ։ Սա թալան է, եթե ձեզ փայ չեն հատկացնում, սա հանցագործության մասին հաղորդում է»,-Երևանի ավագանու արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քվորում չլինելու պատճառով Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ։

Մեսրոպ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ գումարների հավաքագրումների նվազում է տեղի ունեցել․ «Այն բանից հետո, երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, երբ իրենք բերեցին ԹելՍել-ի խայտառակությունը, թվում է՝ վարորդները կանխիկ գումարի հետ կապ չունեն, և այս պարագայում ենթադրում ենք, որ գումարների աճ պետք է տեղի ունենար։ Բայց այս պարագայում, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ տեղի է ունենում ստվերի պրոգրեսիվ թվաբանական աճ։ Չի կարող նման բան ստացվել, որ կանխիկ ընդհանրապես չկա, գումարն ավելի շատ պետք է հավաքագրվի, բայց հակառակն է տեղի ունենում։ Մասնավոր չկա, շարժակազմն ավելացել է, որի արդյունքում իրենց մուտքերը պետք է ավելանային, բայց հակառակն է տեղի ունեցել։

Վերջին երկու գործակարգավարականի ժամանակ ոչ մի թիվ չի հրապարակվել, նույնիսկ հավաքագրումների թվերը խուսափում են հայտարարել, քանի որ հավաքագրման 30 տոկոս թերացում է այն պարագայում, երբ ընդհանրապես կանխիկ գումար չկա։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս մարդկանց հավաքագրումը 70 տոկոս է։ Գործում է եռյակ՝ ԹելՍել-Սուրեն Գրիգորյան-Սարգիս Մանուկյան։ ԹելՍելը հավաքագրում է, դա համակարգում է Սարգիս Մանուկյանի ղեկավարած կառույցը, իսկ ամբողջի ղեկավարը Սուրեն Գրիգորյանն է։ Սուրեն Գրիգորյա′ն, համարձակություն ունեցիր, արի ժողովրդի առաջ ստվերի ու թալանի համար պատասխան տուր։ ԹելՍելը գումարը հավաքագրում է, որից հետո պետք է գումարը փոխանցի «Կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ, որից հետո գումարը «Երևան ավտոբուս» պետք է փոխանցվի, Մետրոպոլիտեն, բայց այս պարագայում գումարը կորում է։ Փոխանակ աճ գրանցվի, ստվերը մեծացել է»։

Սուրեն Մանուկյանը մի հաշվարկ ներկայացրեց՝ փաստելով, որ Երևանի քաղաքային իշխանությունները հայտարարել են, թե ուղևորափոխադրումների թիվը մեկ օրում կազմել է 440 հազար․ «440 հազարը բազմապատկում ենք 100 դրամով և հինգ օրով։ Այդ գումարը օրական կազմում է 220 միլիոն դրամ, երկու օրը՝ 44 միլիոն։ Իրենց ասած թվերով ստացվում է, որ պետք է հավաքագրում ունենային 264 միլիոն։ Սակայն այս մարդիկ հավաքագրել են 90 միլիոն։ Իրենք են ասում, չէ՞, որ իրենք արձանագրում է 440 հազար ուղևոր, եթե արձանագրում եք, ու չեք կարողանում այդ փողը հավաքել, ուրեմն դուք թալանչի եք, վերցնում ու ձեր գրպանն եք դնում»։

Ըստ նրա՝ այս նախագիծը քաղաքային իշխանությունները տապալել են․ «Ձեր ԹելՍելի համակարգը կեղծ է․ ժողովուրդը վճարում է, կեսի փողը գողանում են, կեսն ուզում է վճարել, չի կարողանում վճարել, ստիպված ձրի է նստում, և դա կառավարման թերացում է»։

Ըստ Մեսրոպ Մանուկյանի՝ ստեղծված իրավիճակում «կռիվ այն է, թե ով պետք է տիրանա գողոնին»․ «Հիմա «Երևան ավտոբուսն» ու վարորդները մի քոռ կոպեկ չեն վերցնում, այդ գումարը եռյակի մեջ կորում է։ Ամենայն հարգանքով՝ տղե′րք, ձեր կառավարումը ձախողել է, այդ փողը չեք կարողանում հավաքել։ Եթե չեք կարողանում գումար հավաքագրել, ու գալիս, ժողովրդի գրպանն եք մտնում, ներողություն խնդրեք ու թողեք, գնացեք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031