Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց համար խնդիրը երբեք էլ չի եղել տրանսպորտի որակի բարձրացումը. նրանց մի մասը ժամանակին եղել է գազելների գծատերերի կլանային խմբի թիմակից, ՔՊ խմբակցության հայտարարությունը

Հունվար 21,2025 10:26

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, որի նպատակը միասնական տոմսային համակարգի և նոր սակագների չեղարկումն է։ Այս որոշումն ընդունվել է հստակ գիտակցմամբ, որ նմանատիպ նախաձեռնությունները որևէ առնչություն չունեն քաղաքացիների սոցիալական կյանքի հետ և ծառայում են բացառապես ընդդիմության քաղաքական օրակարգին։

Տասնամյակներ շարունակ Երևանի տրանսպորտային համակարգը եղել է քաոսային, խիստ անարդյունավետ և հնացած վիճակում։ Մենք որոշում ենք կայացրել վերջ տալ այդ իրավիճակին։ Խոստացել էինք, որ փոխելու ենք «հուսահատության գազելները», և փոխեցինք։ Այժմ կառուցում ենք նոր, ժամանակակից, կանոնակարգված համակարգ, որը պետք է լինի երկարաժամկետ լուծում, այլ ոչ թե կարճաժամկետ քաղաքական խաբկանք։

Մինչդեռ ընդդիմությունն իր հերթին զբաղված է դասական պոպուլիզմով՝ փորձելով մոլորեցնել հանրությանը, թե իբր մեկ ուղևորությունը 100 դրամից դառնալու է 300 դրամ և, այդպիսով, խոչընդոտել բարեփոխումները։ Սակայն իրականությունը լրիվ այլ է, որի մասին բազմիցս հայտարարել ենք: Նրանց համար խնդիրը երբեք էլ չի եղել տրանսպորտի որակի բարձրացումը. նրանց մի մասը ժամանակին եղել է գազելների գծատերերի կլանային խմբի թիմակից, իսկ մյուս մասը, օգտագործելով հանրության հույզերը, փորձում է ընդամենը փոքր հնարավորություն ստեղծել՝ հաջորդ ընտրություններում որևէ դերակատարում ունենալու համար։

Մեզ համար պարզ է, որ ցանկացած փոփոխություն դիմադրության է հանդիպում, հատկապես երբ խոսքը վերաբերում է համակարգային բարեփոխումներին։ Սակայն, որքան էլ դժվար ընկալվի, այս ճանապարհն է միակ ճիշտը՝ երկարաժամկետ և կայուն տրանսպորտային համակարգ ապահովելու համար։ Երևանի խնդիրները բազմաթիվ են, և անհրաժեշտ է ունենալ բալանսավորված ֆինանսական համակարգ, այլ ոչ թե տրանսպորտ, որը կֆինանսավորվի մանկապարտեզների, վերելակների կամ ավերակների և ավտոտնակների վերածված բակերի բարեկարգման և մի շարք այլ խնդիրների լուծման հաշվին։

Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը ոչ թե առաջարկում է այլընտրանքային լուծումներ, այլ պարզապես օգտագործում է մարդկանց զգացմունքները՝ բողոքի ալիք բարձրացնելու նպատակով։

Միասնական տոմսային համակարգը շարունակաբար զարգացող և կատարելագործվող համակարգ է, ինչը ենթադրում է, որ առաջիկայում ավագանու նիստերում հնարավոր է հաճախ լինեն փոփոխություններ և լրացումներ։ Փետրվարի 11-ի նիստի օրակարգում նույնպես նախատեսվում է ներկայացնել փոփոխություններ, որոնք ձևավորվել են քաղաքացիների բողոքների և առաջարկների հիման վրա։ Մանրամասների մասին կհայտարարվի առաջիկայում։

Մենք չենք շեղվելու մեր նպատակից և չենք դադարի աշխատել հանուն քաղաքի զարգացման։ Ժամանակը ցույց կտա, որ այս որոշումն եղել է ճիշտ»։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031