Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն կատարում. «Փաստ»

Հունվար 21,2025 10:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաշինյանը հայտարարում է, թե առաջարկում են սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմ ստեղծել։ Բնականաբար, Ադրբեջանը սպառազինությունների վերահսկման մեխանիզմին չի համաձայնի, ինչպես չի համաձայնում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Ուղղակի Ադրբեջանին պետք է ռազմական ագրեսիա սկսել՝ Հայաստանի զինաթափման գործընթաց սկսելու անվան տակ։ Մյուս պահանջը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ու Ալիևը հստակ հասկացնում է, որ Հայաստանը պատնեշ է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, և եթե Երևանը խաղաղ ճանապարհով այդ միջանցքը չտրամադրի, միևնույնն է, իրենք ռազմական ուժով են վերցնելու։

Բայց թուրք-ադրբեջանական ծրագրերի մեջ ոչ միայն Հայաստանով ճանապարհն է մտնում ու դրա վերահսկողությունը, այլ նաև Հայաստանի բուն տարածքի բռնազավթումը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը պահանջեց, որ Հայաստանը պետք է ապահովի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը»՝ բանակցություններ սկսելով նրանց համայնքի ներկայացուցիչների հետ։ Իսկ այս թեմայի ակտիվացումը, բնականաբար, ենթադրում է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքները կոնկրետ ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակներ է հետապնդում, որպեսզի հետագայում էթնիկ թյուրք տարրով Թուրքիան և Ադրբեջանը կապվեն միմյանց ու հայերն աշխարհագրական պատնեշ չկազմեն։

Այլ հարց է, որ Հայաստանում ՀՀ իշխանությունները մոլորեցնում են մարդկանց, թե իրենք շարժվում են խաղաղության կառուցման ճանապարհով։ Ու դրա շրջանակներում ներկայացվում է այն որոշումը, թե սահմանազատումը շարունակելու են Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Բայց Ադրբեջանը միանգամից չէ, որ ցանկանում է ամեն ինչ ստանալ, այլ աստիճանաբար։ Իսկ սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմը կարող է բարելավել իր դիրքերը, ստանալ անկլավները՝ դրանով իսկ հաղորդակցային ու ենթակառուցվածքային առումով խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։ Իսկ սահմանի հստակեցումն ու սահմանազատումը խոչընդոտ չէ Ադրբեջանի համար, քանի որ նոր ագրեսիա ձեռնարկելու համար միշտ էլ պատրվակներ կարող են գտնել՝ հատկապես շահարկելով «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը։

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն կատարում։ Օրինակ՝ Հայաստանն էլ կարող է բարձրացնել ոչ միայն արցախցիների, այլև Բաքվի, Սումգայիթի, Դաշտային Արցախի և այլ բնակավայրերի հայերի վերադարձի հարցը։ ՀՀ իշխանությունները լռություն են պահպանում ոչ միայն այս ուղղությամբ, այլև գերիների թեման է գլխավորապես անարձագանք մնում։ Իսկ երբ հնարովի գործերով դատական վճիռներ լինեն, ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները մնան բանտում, ապա բացառված չէ, որ Ադրբեջանը կարող է հետապնդումներ իրականացնել նաև Արցախի հետ կապված այլ գործիչների նկատմամբ ու միջազգային հետախուզում հայտարարել։ Բացի դրանից, Ադրբեջանը ռազմական ներխուժման սպառնալիքի ներքո կարող է պահանջել իրեն հանձնել Արցախի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031