Լրահոս
Թրամփը երդվեց
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյան. «Ի՞նչ սպասել մի իշխանությունից, որը պատրաստվում է Ադրբեջանի դեմ միջպետական գանգատները հետ վերցնել. «Հրապարակ»

Հունվար 21,2025 10:15

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ադրբեջանական բանտում հայտնվելուց մեկուկես տարի անց Բաքվի զինվորական դատարանը սկսել է նրանց դատավարությունը: «Հրապարակը» զրուցել է Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ:

– Այս անկարող, վախեցած իշխանություններն ի՞նչ կարող են անել` միայն ներսում են առյուծ, իսկ դրսում կատու են:

– Առնվազն կարող են խոսել այս կեղծ պրոցեսի մասին, որը չի կարող համարվել դատավարություն, քանի որ ներկայացված մեղադրանքները, ապացույցները չեն կարող որեւէ կերպ հիմնավոր լինել` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես են առեւանգվել նրանք, ինչ պայմաններում, այժմ ինչ խոշտանգումների են ենթարկվում եւ այլն: Այս պարագայում ուղղակի աբսուրդ է խոսել դատավարության, դրա արդար կամ ոչ արդար լինելու մասին:

Իշխանությունները խոսում են Ադրբեջանի դեմ միջազգային գանգատները հետ վերցնելուց, մինչդեռ դրանք պետք է լրացվեն` համապատասխան նոր հանգամանքներով: Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ իշխանությունները վախեր ունեն, գուցե արդեն դրանք հստակ որոշումներ են, որ չեն հակադրվելու Ադրբեջանին, ոչ մի հարցում չեն ընդվզելու: Մյուս կողմից էլ՝ ի՞նչ սպասել մի իշխանությունից, որը պատրաստվում է Ադրբեջանի դեմ միջպետական գանգատները հետ վերցնել: Այդ տրամաբանության մեջ այն, ինչ անում է այս ռեժիմը, շատ բնական է:

Վերջին շրջանում էլ տարբեր իշխանական էշելոններում քանիցս թիրախավորեցին նույն այդ ռազմագերիներին, դա եղավ ընդհուպ Փաշինյանի մակարդակով, ինչը ցույց է տալիս կոնկրետ վարվող քաղաքականությունը` գերիների, ինչպես նաեւ ադրբեջանական կողմի կեղծ դատավարությունների վերաբերյալ: Մենք՝ բոլորս, այդ թվում՝ ՀՀ իշխանությունները, այստեղ շահեր ունենք եւ պետք է գիտակցենք, որ վաղն էլ իրենք կարող են այդ կարգավիճակում հայտնվել: Սա ազգային անվտանգության հարց է, դրա համար ես կարծում եմ, որ իշխանությունները եւս պետք է խոսեն տեղի ունեցածի եւ դրա ընթացքի ու հետեւանքների մասին:

– Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը եւ Հայաստանի իշխանությունների լռությունը համադրելով, ի՞նչ կարող ենք եզրակացնել, ի՞նչ ընթացք կստանան այս պրոցեսները:

– Քանի դեռ Բաքվում հայ ռազմագերիներ կան, ադրբեջանական կողմի այս պահվածքը շարունակական է լինելու, դա ցույց է տալիս ոչ միայն Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, այլեւ գերությունից վերադարձած տղաների ցուցմունքները, որտեղ խոսվում է ոչ մարդկային, դաժան խոշտանգումների մասին, ի դեպ՝ դրանց մի մասը միջազգային զեկույցներում առկա է: Այս հարցի միակ լուծումը գերիներին Հայաստան վերադարձնելն է: Նրանց պահման պայմանների ու մնացյալ պայմանների մասին խոսելն անիմաստ է: Ինչպես ֆաշիստական Գերմանիայում հնարավոր չէր հրեաների իրավունքներից խոսել, այնպես էլ Ադրբեջանում անհնար է խոսել հայ ռազմագերիների իրավունքների մասին: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը քայլեր չի անում գերիներին հետ բերելու համար, Ալիեւը շարունակելու է այդ ամենը Հայաստանի դեմ օգտագործել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031