Առաջարկվում է արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն:
««Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ հունվարի 21-ի նիստի ընթացում ներկայացրել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը` նշելով, որ օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչական հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում եւ ծավալներով:
Քրիստիննե Գրիգորյանը, ներկայացնելով վերոնշյալ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով ստեղծվել է Արտաքին հետախուզության ծառայությունը, որն իր գործունեության բնույթով պայմանավորված եւս առնչվելու է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին: Ըստ նրա` ծառայությունն իր գործունեության առանձնահատկություններով պայմանավորված ոչ միայն առնչվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, այլ նաեւ իր իրավասության սահմաններում պետք է իրականացնի նման տեղեկությունների պահպանություն եւ պաշտպանություն: Սակայն, ըստ Քրիստիննե Գրիգորյանի, գործող օրենքով պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու լիազորություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ օրենքի 21-րդ եւ 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու եւ մի շարք այլ լիազորություններ ունի բացառապես լիազոր մարմինը` Ազգային անվտանգության ծառայությունը: Մինչդեռ` իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելու եւ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ծառայությանը հնարավորություն տալ օրենքով սահմանված որոշակի գործառույթներ իրականացնել անձամբ` առանց լիազոր մարմնի միջնորդավորվածության եւ վերահսկողության:
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ օրենքի նախագիծը կոչված է համալրելու Արտաքին հետախուզության ծառայության գործառույթների բնականոն իրականացման հնարավորությունը` պետական գաղտնիքին առնչվող ռեժիմի շրջանակում: Նրա խոսքով նախագիծը երկար կառուցողական աշխատանքի արդյունք է:
Կարդացեք նաև
ԱԺ