«Կա երկու սեռ՝ արական և իգական․ այսուհետև սա է լինելու ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը», – հայտարարել է Թրամփը։
Այսպես է սկսել իր առաջին ելույթը ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երդմամբ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։
Թրամփը հայտարարել է, որ նախագահություն է վերադառնում է հույսով և լավատեսությամբ։
Նրա խոսքով՝ տարիներ ի վեր ԱՄՆ-ն կառավարվել է «ծայրահեղական և կոռումպացված հաստատության կողմից»։ Նա խոսք է տվել «ազատագրել» երկիրն այդ «հաստատությունից»։
Կարդացեք նաև
Թրամփը տեղեկացրել է, որ զինվորականներ է տեղակայելու Մեքսիկայի հետ սահմանին՝ այդ երկրից «ներխուժումները» կանխելու համար։
«Կա երկու սեռ»
«Մենք վերջ կդնենք ռասայի և սեռի ներառմանը հանրային և մասնավոր բոլոր տիրույթներում։ Մենք կկառուցենք հասարակություն, որը գույն չի ճանաչում և հիմված է մարդու շնորհների վրա։ Կա երկու սեռ՝ արական և իգական․ այսուհետև սա է լինելու ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը», – հայտարարել է Թրամփը։
Թրամփը հայտնել է, որ այս շաբաթ ԱՄՆ զինված ուժեր կվերադառնան այն ծառայողները, որոնք COVID-19-ի դեմ չպատվաստվելու համար հեռացվել էին Զինված ուժերից։ Նրանց կտրամադրվի ամբողջական հետվճար։
Խաղաղության մտադրություններ, բայց նաև նվաճողական նկրտումներ
«Ես ցանկանում եմ լինել խաղաղության և միասնության հաստատող», – ընդգծել է Թրամփը աշխարհում կայունության և խաղաղության առաջմղման իր օրակարգի համատեքստում։
Նա վերահաստատել է Մեքսիկական ծոցը «Ամերիկյան ծոց» վերանվանելու, Պանամայի ջրանցքը վերադարձնելու նկրտումները, սակայն չի անդրադարձել Կանադային և Գրենլանդիային Միացյալ Նահանգների մաս դարձնելու նախկինում արտահայտած մտադրություններին։
Նախագահ Թրամփը համոզմունք հայտնեց նաև, որ Մարս մոլորակի վրա առաջինը ոտք կդնեն ամերիկացիները։
Ազատ, ինքնիշխան և անկախ Ամերիկա
Դոնալդ Թրամփն իր ելույթն ավարտել է դրական շեշտերով՝ ընդգծելով, որ միասնական աշխատանքի շնորհիվ ԱՄՆ-ն կարող է անել ամեն ինչ։
«Միացյալ Նահանգներն այլևս ազատ, ինքնիշխան և անկախ երկիր է»։
Առաջին շարքերում գտնվող նախկին նախագահներն, այդ թվում՝ 46-րդ նախագահ Ջո Բայդենն ու իր փոխնախագահ Քամալա Հարիսը, հիմնականում առանց ծափահարությունների էին հետևում Թրամփի ելույթի շեշտադրումներին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ