Լրահոս
Թրամփը երդվեց
Օրվա լրահոսը

Վարշամին փետով ծեծես, 100 դոլար փող չի տա ոչ մեկին։ Վարշամը չի կարող կաշառք տալ Հովսեփյանին. գործով վկա

Հունվար 20,2025 22:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին այսօր կրկին հարցաքննվեց գործով տուժող Վարշամ Ղարիբյանի՝ «Շանթի Յուրայի» եղբայրը՝ Մանվել Ղարիբյանը: Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ արդեն երրորդ անգամ  հարցաքննվող Ղարիբյանից մեղադրող դատախազը հետաքրքրվեց՝  կարող է հիշողության հետ խնդիր ունի, որովհետեւ մեղադրող դատախազը նրա դատաքննական  ցուցմունքներում էական հակասություններ է տեսնում: Ղարիբյանը հաստատեց՝ ասելով, որ բազմաթիվ վիրահատություններ է ունեցել:

Բյուրականի վիճահարույց հողատարածքի հարցով էլ Ղարիբյանը պնդեց, որ այն իրենն է եղել, եղբայրն էլ՝ Վարշամը, տեղյակ չի եղել ոնց են առել, ինչ են արել: Ավելի վաղ տված ցուցմունքում էլ ասել էր, թե այն եղբոր անունով է գրանցել, եղբայրն էլ վաճառել է:  Ինչ վերաբերում է մեղադրանքին, թե  Հովսեփյանն առանց թիկնապահների գնացել է Շանթ, պահանջել, որ հողատարածքը իր որդու անունով գրանցվի,  Ղարիբյանն ասաց, որ չի հավատում, որ Հովսեփյանը նման բան աներ։

Նա ասաց, որ Հովսեփյանը երբեք չի շեշտադրել իր պաշտոնը, նույնիսկ խնդրեց չշահարկել ու պատմեց մի դեպք, երբ ընդմիջման համար Հովսեփյանը գնացել էր իրենց տուն, ինքը լողանալիս է եղել, Հովսեփյանը դուռը թակել է, ու ով է հարցին, ներկայացել՝ թաղապետը:

«Գլխավոր դատախազ էի։ Եթե ցանկանայի, ապա Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե՝ կասեի քո հողն իմ անունով գրանցի»,- նկատեց  Աղվան Հովսեփյանը։

Վկան ասաց, որ իր եղբոր հետ հիմա ունի թշնամական հարաբերություններ. «Հանցագործն ինքն է, սաղիս սարքել է հանցագործ»: Հետո հարց հնչեց, թե ինչ կապ է ունեցել եղբայրը հեռուստաընկերության հետ եւ այն կարո՞ղ էր կաշառք տրվել Հովսեփյանին:

Ի պատասխան վկան ասաց. «Վարշամին փետով ծեծես, 100 դոլար փող չի տա ոչ մեկին։ Վարշամը չի կարող կաշառք տալ Հովսեփյանին, իմ նման ընկերը չի կարողացել տա, Վարշամը ո՞նց կարող է տալ»:

Վկայի խոսքով, հեռուստաընկերությունը եկամուտ չբերող ձեռնարկություն էր, եղբայրն էլ որեւէ կապ չուներ. «Ինքս էլ եմ TV-ն մինչեւ 2009 թվականն աշխատացրել,այո՛, ոչ մի եկամուտ երբեք չի ունեցել, հնարավոր չէ TV-ն եկամուտ բերի, մենք մեր գրպանից փող ենք տվել, պահել TV-ն…51 տոկոսը պետք է գրանցվեր իմ անունով, հետո որ այդ ժամանակ տարբերություն չի եղել՝ ես, թե եղբայրս, գրանցվել է  իր անունով, շարունակությունն էլ ենք գրանցել իր անունով, Համլետ Ղուշչյանի տոկոսը…»:

Աղվան Հովսեփյանը վկային հարց ուղղեց՝ այդ դեպքում ի՞նչն է Վարշամ Ղարիբյանն իրեն կաշառք տվել՝ եկամուտ չբերող ինչ որ ձեռնարկությու՞ն, որը իրեն էլ չէր պատկանում, ուղղակի ձեւակերպվել  էր իր անունով:

Ի պատասխան վկան ասաց. «Ես կարծում եմ՝ Վարշամն է կաշառք ստացել, Վարշամն ի՞նչ իրավունք ուներ էդտեղից փող ստանար, դա իր հետ կապ չունի, հետո ինչ իր անունով է գրանցված եղել: Եթե ես փող չեմ ստացել, Վարշամն իրավունք չուներ ստանալ»

Մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել  վկայի նախաքննական ցուցմունքը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031