ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված, ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհակալություն է հայտնել այս ձևաչափով հանդիպման նախաձեռնության համար, ապա նշել , որ բարձր է գնահատում Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հարաբերությունների ներկայիս մակարդակը և այդ հարաբերությունների՝ տարբեր ասպեկտներով խորացման և ընդլայնման հնարավոր հեռանկարները և ներուժը։
Այնուհետև մարզպետն իր խոսքում կարևորել է նաև այն ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմանն աջակցելուն, և այդ համատեքստում՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման որոշումը, որը մեր տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ կարևոր քայլ էր։
Կարդացեք նաև
Նա պատրաստակամություն է հայտնել իրավասությունների շրջանակներում օժանդակել մարզում իրականացվող ԵՄ նախաձեռնություններին, դիտորդական առաքելության ծրագրերին։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության և այն դրական շեշտադրումների համար, որոնք վերաբերում էին ԵՄ-Հայաստան հարաբերություններին, ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության ուղղություններին, դիտորդական առաքելության դերակատարությանը:
Այնուհետև դեսպանը անդրադարձել է այն ծրագրերին, որոնք իրականացվում են Վայոց ձորում և պատրաստակամություն է հայտնել դրանց շարունակականության և ընդլայնման ապահովման համար համագործակցել տեղական մակարդակում, լսել նոր առաջարկներ, որոնց իրականացումը միտված կլինի տնտեսության տարբեր ուղղությունների զարգացմանն աջակցելուն:
Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին ուղղել են մի շարք հարցեր , որոնք առնչվում էին դիտորդական առաքելությանը տեղացիների վերաբերմունքին, տարածաշրջանի մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին, առաջնահերթություններին, սահմանամերձ տարածքների անվտանգությանը, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ինտեգրմանը և նրանց կարիքների լուծմանը, տնտեսության, այդ թվում նաև տուրիզմի զարգացմանը, համագործակցության հեռանկարներին և այլն:
Պատասխանելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին առնչվող հարցերին՝ մարզպետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում նրանց կարիքների գնահատմանը, խնդիրների լուծմանը, աջակցությունների տրամադրմանը, բնակարանային ապահովմանը ծրագրերի իրականացմանը, պետական աջակցության ծրագրերի իրազեկման ապահովմանը և այլն: Մարզպետի աշխատակազմն էլ այս ծրագրերի շրջանակներում ծավալում է համապատասխան գործողություններ։
Ամփոփելով հանդիպումը՝ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու հայ ժողովրդի ցանկությունը, իսկ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ տարբեր հարցերում աջակցություն ցուցաբերելու ԵՄ պատրաստակամությունը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ