Առաջին անգամ 40 տարվա մեջ ԱՄՆ նախագահի երդմնակալությունը կայացավ ոչ թե Կոնգրեսի շենքի բակում այլ Կոնգրեսի գլխավոր նախասրահում։ Պատճառը Վաշինգտոնում առկա սառնամանիքն էր։
Վերջին անգամ երդմնակալությունը ներսում տեղի էր ունեցել 1985 թվականին՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի երկրորդ երդմնակալության ժամանակ։
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նախկին բոլոր ողջ նախագահներ` Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը, Բարակ Օբաման և Ջո Բայդենը, առաջին տիկնայք Հիլարի Քլինթոնը, Բարբրա Բուշը և Ջիլ Բայդենը, փոխնախագահ Քամալա Հարիսը, Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնը։
Հատկանշական է, որ Թրամփը, սակայն, 2021-ի հունվարին չմասնակցեց Ջո Բայդենի երդմնակալությանը՝ խախտելով երկարամյա ավանդույթը։
Կարդացեք նաև
Դոնալդ Թրամփից անմիջապես առաջ պաշտոնը ստանձնեց փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Թրամփի երդման տեքստը հատված առ հատված ընթերցեց Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը, որից հետո Թրամփը կրկնեց տեքստը, կրկին հատված առ հատված։
Երդման տեքստն ամրագրված է ԱՄՆ Սահմանադրությամբ․ «Ես վեհանձնորեն երդվում եմ, որ հավատարմորեն կիրականացնեմ Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները և իմ ուժերի ներածի չափով կպահպանեմ, կապահովեմ և կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»։
Ավանդույթի համաձայն, ընտրյալ նախագահը երդումը եզրափակում է հետևյալ խոսքերով՝ «Աստված ինձ օգնական»։
Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո ամերիկացի ժողովրդին ասաց, որ ԱՄՆ-ում սկսվում է «Ոսկե դարաշրջան»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ