«Մենք ձեզ կոչ ենք անում չգնել թանկարժեք փաթեթներ և այդպիսով բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը։ Միակ տարբերակը, որով կարող ենք ստիպել քաղաքային իշխանություններին վերանայել իրենց որոշումը՝ բոյկոտելն է, չվճարելն է։ Համատարած, միասնական ջանքերով մերժում ենք, թանկարժեք փաթեթներ ձեռք չենք բերում, եթե թանկացման որոշումը չվերանայվի, փետրվարի 1-ից միասնական ջանքերով բոյկոտում ենք»,- Մետրոյի Բարեկամություն կայարանում անցկացվող տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թեւանյանը։
Նա այսպիսի մի բանաձև առաջարկեց քաղաքացիներին․ «Նստում ենք տրանսպորտ, շնորհակալություն ենք հայտնում վարորդին և իջնում ենք առանց վճարելու, մինչև որ մեր նախագիծը չքննարկվի, որի տակ կա 17 հազար քաղաքացիների ստորագրություն»։
Նշենք, որ վաղը նախատեսված է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է «Մայր Հայաստան» խմբակցության նախագիծը։ Անդրանիկ Թևանյանն այս առիթով ասաց․ «Եթե այս իշխանությունները բոյկոտեցին նիստը, մենք այլևս 100 տոկոսով բոյկոտի լեգիտիմ իրավունք ենք ստանալու։ Ելնելով նրանից՝ կկայանա նիստը, թե՝ ոչ, ինքներս կորոշենք մեր գործողությունները»։
Անդրանիկ Թևանյանն ասաց, որ իրենք բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներին իրազեկում են, թե ինչ նախագիծ են ներկայացրել․ «Կա համեմատականը, ՔՊ-ի և «Մայր Հայաստանի» նախագծի տարբերությունը։ Մեր նախագծով՝ տրանսպորտի գներն ամենաթանկը լինելու են այսօրվա գները։ Մեր փաթեթներն էականորեն տարբերվում են այս իշխանությունների ներկայացրածից, դրանք համադրելի են Թբիլիսիի գների հետ»։
Կարդացեք նաև
Անդրանիկ Թևանյանը դիմելով քաղաքացիներին ասաց, որ եթե քաղաքային իշխանությունները չվերանայեն տրանսպորտի գները, ուրեմն իրենք «կարող են հանգիստ խղճով բոյկոտել»․ «Դա հանրային տրանսպորտ է, հանրային սեփականություն և դրա համար մենք պետք է վճարենք այնքան, ինչքանի համար կա հիմնավորում։ Հիմնավորմամբ տրանսպորտի ինքնարժեքը 60-65 դրամ է նստում, իրենք մինչև 300 դրամ թանկացնում են»։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց՝ մտադիր չէ վճարել 300 դրամ․ հարյուր դրամից ավել չի տրամադրելու տրանսպորտի համար։
Անդրանիկ Թևանյանը նաև անդրադարձավ քաղաքացիների հայտարարագրման համակարգին ու ասաց․ «Նույնիսկ տեխնիկական առումով շատերը պատրաստ չեն։ Տարեց մարդիկ են, չեն տիրապետում այդ համակարգերին, պատկերացում չունեն՝ ինչպես պիտի լրացնեն, նույնիսկ սա բիզնես է դարձել։ Մենք որոշել ենք մարդկանց անվճար խորհրդատվություն մատուցենք, որ ծանոթանան և հասկանան՝ ինչպես պիտի լրացնեն։ Այս իշխանությունը որոշել է ֆինանսական և այլ ձևով ճնշումների ենթարկել մեր քաղաքացիներին»։
Անդրանիկ Թևանյանը հորդորեց քաղաքացիներին չգնել փաթեթները և վստահեցրեց՝ եթե մարդիկ միասնական բոյկոտեցին, քաղաքային իշխանությունը կհասկանա, որ այլընտրանք չունի, քան գնալ վերանայումների։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ