Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության երկարամյա պետ Ալբերտ Մարգարյանը, որը Գյումրու 9 տարվա քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու երկրորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակել էր Գյումրու համայնքապետի պաշտոնակատար՝ ուղիղ 22 օր կառավարելով այս քաղաքը, նորից աշխատանքի է անցել քաղաքապետարանում։
Նա «Բալասանյան դաշինք»-«Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժերի համատեղ կառավարման ժամանակ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի խորհրդականն էր։ ՔՊ-ականների՝ հուշագիրը խզելուց ու պաշտոնները լքելուց հետո նա ևս հեռացել էր քաղաքապետարանից։
Ալբերտ Մարգարյանը ուրբաթ օրը աշխատանքի է ընդունվել Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության բաժնում՝ որպես գործակալ։
Նա Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց մեր այս տեղեկությունը՝ հավելելով, որ աշխատանքի է ընդունվել ժամանակավորապես՝ մասնագիտական գիտելիքներով բնակիչներին օգնելու նկատառումով։ Ի դեպ, սա ամենախնդրահարույց ոլորտներից է, բնակիչների դժգոհություններն անչափ շատ են։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Ալբերտ Մարգարյանի թեկնածությունը քաղաքապետի ժ/պ-ի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի մոտ առաջադրել ու երաշխավորել էր Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը, քանի որ Ալբերտ Մարգարյանը նրա շինարար հոր ընկերն է։
Ալբերտ Մարգարյանը քաղաքապետի ժ/պ-ի պաշտոնը ստանձնելուն պես հայտնվել էր աղմկոտ պատմության մեջ, քանի որ նույն օրն աշխատանքից ազատել էր Սամվել Բալասանյանի նշանակած մի քանի պաշտոնյաների, որոնց հետագայում վերականգնեց Վարդգես Սամսոնյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ