Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսելով մեկնարկած ԱԺ ութերորդ գումարման գարնանային նստաշրջանի մասին՝ ԱԺ այսօրվա նիստում արձանագրեց, իր իսկ բնութագրմամբ, երեք այլանդակություն:
«Առաջինը երկրի օրհներգը պղծելն էր եւ անարգելը արդեն երկրորդ անգամ: Եթե չեմ սխսլվում, առաջին անգամ դա տեղի ունեցավ Հակակոռուպցիոն կոմիտեի դահլիճում, որտեղ կենդանի կատարմամբ ներկայացրին Հայաստանի Հանրապետության ձեւափոխված օրհներգը՝ այն անարգելով եւ պղծելով: Այսօր ԱԺ-ում նույն վիճակն էր. կենդանի կատարմամբ ներկայացրին Հայաստանի օրհներգը՝ պղծելով հայոց խորհրդանիշներից մեկը:
Իրավական տեսանկյունից օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվության երեք տեսակ. կարգապահական տույժ վարույթի շրջանակում, վարչական պատասխանատվություն եւ քրեական պատասխանատվություն:
Հայաստանի օրհներգը պղծելը եւ անարգելը նկարագրված է ՀՀ քր. օր.-ի 472 հոդվածով: Հայաստանի օրենսդիրը ավելի բարձր պատասխանատվություն է նախատեսում օրհներգը, խորհրդանիշները անարգելու համար եւ այն դիտվում է որպես առավել մեծ վտանգավորություն ներկայացնող արարք: Այս դեպքում կոնկրետ հանցագործություն կատարվեց ԱԺ-ում:
Կարդացեք նաև
Այդ հանցագործությունը ո՞վ արեց: Այդ հանցագործությունը տեղի ունեցավ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ու պատվերով: Գումարած, այն կատարեցին կոնկրետ երգչախմբի անդամներ: Նրանք պետք է հասկանային, որ կատարում են հանցագործություն:
Երկրորդ այլանդակությունը, որ այսօր տեղի ունեցավ ԱԺ-ում, առանց Արցախի Հանրապետության Հայաստանի Հանրապետության քարտեզն է, որն այս ազգակործան պատուհասի կեղտոտ ձեռքում պտտվում էր ամբողջ Հայաստանում եւ ներկայացվում, թե Հայաստանի Հանրապետությունը սա է: Այսօր այդ քարտեզը փակցրել էին նաեւ ԱԺ պատին: Անհասկանալի է, գրավյալ տարածքները, որ ըստ պետական պաշտոնական հաղորդագրության 240, իսկ առանձին տեղեկություններով՝ ավելի քան 500 քկմ զավթել են ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքից, այդ քարտեզում կա՞ն, թե՞ դուրս են բերվել:
Աժ-ում «Պատիվ ունեմ»-ից պատգամավոր Աննա Մկրտչյանը այլ քարտեզ փակցրեց ԱԺ ամբիոնին: Ստորությունն այն էր, որ Ալեն Սիմոնյանը հանձնարարեց այդ քարտեզը, որով հպարտացել ենք բոլորս, հեռացնել եւ դա կատարեց ՊՊ ծառայություն իրականացնող անձը:
Եվ երրորդը: ԱԺ ՔՊ խմբակցությունը որպես ԲԴԽ անդամի ներկայացնում է Ալեքսանդր Սիրունյանին, որը հայտնի է հակահայ մոտեցումներով, խոսքով ու ելույթներով, թուրքի բանտում գտնվող մեր ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ատելության խոսքով: Բայց դա լավ նախաձեռնություն է: Ալեքսանդր Սիրունյանին ներկայացնելով, որը բավականին լավ սիմվոլ կարող է հանդիսանալ՝ կրկին անգամ ցույց տալու, որ ԲԴԽ-ն ոչ մի ընդհանրություն չունի արդարադատության հետ, որ ԲԴԽ-ն այն համակարգն է, որն ընդամենը մահակ է դատական իշխանության նկատմամբ»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ