Լրահոս
Թրամփը երդվեց
Օրվա լրահոսը

«Ոչ մի ապացույցով չհաստատվեց այն, որ Էրիկ Ալեքսանյանը դիմել է Արուսյակ Ալեքսանյանին, որ նա էլ պատասխանատվություն ստանձնի նրա առաջ ինչ-որ գործողություն կատարելու»․ Աննա Մանթաշյան

Հունվար 20,2025 19:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված և ապացուցված չէ, և նրա նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատական ակտ»,-Հակակոռուպցիոն դատարանում նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Աննա Մանթաշյանը։

Փաստաբանը, հիշեցնելով, որ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ, իր պաշտպանյալ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ դատարանի կողմից կայացված որոշմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքն ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու միջոցով, իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու եղանակով այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու՝ Արուսյակ Ալեքսանյանի համաձայնությունը տալու, ապա վերջինիս կողմից նման դատական ակտ կայացնելու խոչընդոտները վերացնելու եղանակով առանց նոր էական փաստարկների նույնաբովանդակ երկու միջնորդություն ներկայացնելու միջոցով և միտումնավոր հանրային մասնակցին չտեղեկացնելու միջոցով օժանդակել  է Արուսյակ Ալեքսանյանի կողմից այլ պաշտոնական անձանցից նախնական համաձայնությամբ ծառայողական և իշխանական լիազորություններն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելու, լիազորություններն անցնելուն, որը անզգուշորեն առաջացրել է ծանր հետևանքներ։ Աննա Մանթաշյանը նաև փաստեց․ «ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ օժանդակող է համարվում այն անձը, որը հանցագործությանը նպաստել է՝ ցուցումներով, տեղեկություններ կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հիմքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաներ»։

Փաստաբանը նաև արձանագրեց՝ Էրիկ Ալեքսանյանի կողմից իր պաշտանյալի կալանքի հետ կապված միջնորդություն ներկայացնելը բխել է նրա՝ որպես պաշտպանի դատավարական իրավունքներից, ինչպես նաև հավաստիացրեց՝ դա փաստաբանի պարտականությունն է իր պաշտպանյալի հանդեպ․ «Պաշտպանի կողմից դատարանում հարուցված միջնորդությունը չի կարող հանդիսանալ օժանդակություն դատավորի կողմից այն պատճառով, որ այդ միջնորդությունը դեռ պետք է ըստ սահմանված կարգի մակագրվի Արուսյակ Ալեքսանյանին։ Իսկ Էրիկ Ալեքսանյանը որևէ լծակ չի ունեցել ներազդելու մակագրման համակարգի վրա։ Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով չհաստատվեց գեթ մեկ փաստական տվյալ առ այն, որ Էրիկ Ալեքսանյանը տեղյակ է եղել Արուսյակ Ալեքսանյանի՝ ենթադրյալ հանցավոր մտադրության մասին, եթե այդպիսին եղել է։ Եթե նույնիսկ առարկայական մեջբերում կատարենք ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի խոսակցությունից և շարժվենք վարույթն իրականացնող մարմնի այն կանխավարկածով, որ Էրիկ Ալեքսանյանը տալիս է իր համաձայնությունը միջնորդություն ներկայացնելու համար, միևնույն է, նույնիսկ այդ խոսակցության բուն բովանդակությունից ակներև է, որ էրիկ Ալեքսանյանը Արուսյակ Ալեքսանյանից որևէ պարզաբանում չի պահանջում, Արուսյակ Ալեքսանյանն էլ իր հերթին իր նախաձեռնությամբ էրիկ Ալեքսանյանին որևէ կերպ չի հայտնում ու չի պարզաբանում իր կողմից այդ գործով նշված միջնորդությունը պարտադիր քննելու ցանկության և շարժառիթի մասին»։

Փաստաբանը, մեջբերելով  2023-ի օգոստոսի 26-ին տեղի ունեցած՝ Էրիկ Ալեքսանյանի և Արուսյակ Ալեքսանյանի խոսակցությունը, հայտարարեց․ «Այս խոսակցությունը միակ փաստական տվյալն է, բայց նույնիսկ դրանից չի բխում, որ Էրիկ Ալեքսանյանն իմացել է, որ ենթադրյալ նման հանցավոր մտադրություն ունի և ներկայացված խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդություններով ցանկացել է օժանդակել այդ՝ ենթադրյալ հանցավոր մտադրության իրականցմանը։ էրիկ Ալեքսանյանը կալանքը վերացնելու երկու միջնորդությունն էլ ներկայացրել է դատարանին ոչ թե միաժամանակ, այլ տարբեր օրերի։ Դրանք եղել են ոչ թե միաբովանդակ, ինչպես նշվում է մեղադրանքում, այլ տարաբնույթ՝ նոր էական փաստարկների վկայակոչմամբ»։

Փաստաբանը հավաստիացրեց՝ Էրիկ Ալեքսանյանն անգամ չի էլ փորձել միաժամանակ մի քանի միջնորդություն ներկայացնել դատարան՝ այդ կերպ դատարանի արհեստական ծանրաբեռնվածություն ստեղծել՝ ապահովելով դրանից մեկի՝ Արուսյակ Ալեքսանյանին մակագրվելու հնարավորություն տալը․ «Սույն դատաքննության ընթացքում չի հետազոտվել որևէ ապացույց, որով կհաստատվեր նախ, որ Արուսյակ Ալեքսանյանը տեղյակ է եղել, որ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ միջնորդությունն իրեն մակագրվելուց հետո վերամակագրվել է։ Որևէ փաստական ապացույց չի հետազոտվել առ այն, որ Էրիկ Ալեքսանյանը տեղյակ է եղել, որ իր կողմից ներկայացված միջնորդությունը և Արուսյակ Ալեքսանյանին մակագրված միջնորդությունը վերամակագրվել է այլ դատավորի, ուստի այս իրավիճակում որևէ կերպ հնարավոր չէ խոսել լիազորությունների չարաշահման և ոչ պատշաճ դատարան լինելու մասին»։

Աննա Մանթաշյանը փաստեց՝ այդպես էլ սույն  դատաքննության ընթացքում հետազոտված ոչ մի ապացույցով չհաստատվեց այն, որ Էրիկ Ալեքսանյանը դիմել է Արուսյակ Ալեքսանյանին․ «Ավելին, ակնհայտ է, որ Էրիկ Ալեքսանյանն Արուսյակ Ալեքսանյանին չի դիմել, որ մի հատ էլ վերջինս էլ պատասխանատվություն ստանձնի նրա առաջ ինչ-որ գործողություն կատարելու։ Սույն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով ոչ միայն չեն հաստատվել, այլ հերքվել են մեղադրական եզրակացությունում շարադրված և Էրիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքները, փաստական հիմքերը և իրականացման հանգամանքները, և հաստատվել է նրա անմեղությունը։ Գտնում եմ՝ սույն դատաքննության ընթացքում հետազոտված ոչ մի ապացույցով Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը հիմնավորված չէ, և դատարանը պետք է նրա նկատմամբ կայացնի արդարացման վերդիկտ»։

Այսպիսով դատական նիստը ավարտվեց։ Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին՝ ժամը 10։00-ին։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031