Հունվարի 20-ին լրացավ ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 106-ամյակը: Բանաստեղծուհու տուն-թանգարանի նախաձեռնությամբ` նրա արվեստի երկրպագուներն օրն սկսեցին պանթեոն այցելությամբ, որտեղ մասնակից մտավորականները հանդես եկան խոսքով ու հուշապատումներով: Այնուհետև տուն-թանգարանում բացվեց «Ժանյակը՝ Կարեն Եփփե վարժարանի հիշատակություն» ցուցահանդեսը։ Հեղինակ՝ վարժարանի սանուհի Թագուհի Մելքոնյան։
«Կապուտիկյանը 14 տարեկանում հայտնի դարձավ Հայաստանում, իսկ 32-33 տարեկանից հռչակ ձեռք բերեց ամբողջ Սովետական Միությունում՝ ստանալով Պետական մրցանակ։ Նրան այդ ժամանակվանից սկսեցին թարգմանել տարբեր լեզուներով. այդպիսով նրա անունը տարածում գտավ նաև միության սահմաններից դուրս»,- իր խոսքում նշեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանը՝ առանձնահատուկ շեշտելով, որ Կապուտիկյանը մեր ամենաթարգմանված հեղինակներից է:
Կարդացեք նաև
Ներկայացված ցուցահանդեսի ժանյակներն օգտագործվել են հագուստի և կահկարասու ձևավորման մեջ (օձիքներ, թևքածալեր, փռոցներ, ծածկոցներ…)։ Ժանյակահյուսքը դեկորատիվ-կիրառական արվեստի և ժողովրդական գեղարվեստական մտքի լավագույն դրսևորումներից մեկն է։ Ինքը՝ Սիլվա Կապուտիկյանը, երիտասարդ տարիներին զբաղվել է ժանեկահյուսությամբ։ Մի քանի գործ այժմ ներկայացված է տուն-թանգարանի ցուցափեղկում։