Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կառավարությունը չընդառաջի՝ փաստաբանները կսկսեն բողոքի ցույցեր, գործադուլներ

Հունվար 20,2025 18:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել մի քանի փաստաբաններ՝ կրկին դժգոհելով հարկային բեռի ավելացումից ու նախազգուշացնելով, որ եթե կառավարությունը չվերանայի իր դիրքորոշումը, իրենց հետ հաշվի չնստի, փաստաբանական համայնքը ոտքի կկանգնի՝ բողոքի ցույցեր սկսելով, ընդհուպ մինչև գործադուլ հայտարարելով։

Փաստաբան Թամարա Յայլոյանը տեղեկացրեց, որ փաստաբանների պալատում տեղի է ունեցել նիստ, ստորագրահավաք է կազմակերպվել, համապատասխան փաստաթուղթ է ուղարկվել կառավարություն՝ այն հույսով, որ կվերանայվի ու փաստաբանների համար հարկման ընդունելի տարբերակ կընտրվի։ Եթե կառավարությունը չարձագանքի, անտեսի իրենց, կսկսվեն բողոքի ցույցեր և գործադուլներ։

Թամարա Յայոլյանը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում 3-4 հազարանոց փաստաբանական համայնք կա․ չի կարելի նրանց կարծիքը հաշվի չառնել։ Ըստ նրա, իրենք այդ գումարը վաստակում են ոչ միայն իրենց համար, այլ ընտանիքի անդամների։

Իսկ սա նշանակում է, որ իրենք որոշակի սոցիալական բեռ պետության վրայից վերցնում են, ամեն մեկի տանն էլ կան թոշակառուներ, երեխաներ, հիվանդ մարդիկ, որոնց հարցերը լուծում են ստացած եկամուտների հաշվին՝ ոչինչ չպահանջելով պետությունից։

Թամարա Յայլոյանը նշում է, որ իրենք՝ ներառյալ ընտանիքի անդամները, մոտ 16 հազար մարդ են, եթե սրան ավելացնեն իրավաբանական ծառայություն մատուցողներին, ապա թիվը 25-30 հազար կլինի, իսկ կառավարությունն իրավունք չունի հաշվի չառնել հասարակության զգալի հատվածի կարծիքը։

Նա հիշեցնում է, որ այս բոլոր մարդիկ նաև ընտրողներ են, ի վերջո 2026 թվականին Ազգային ժողովի ընտրություններ են և չարժի այս մեծ ընտրազանգվածին նեղացնել։

«Մեր հարկային բեռի ավելացումը լրացուցիչ ծախսերի տակ է գցում մեր քաղաքացիներին, որովհետև դատաիրավական համակարգն այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր քաղաքացի առնչվելու է այդ համակարգի հետ, և առանց փաստաբանի օգնության չի կարող։ Այսինքն ՝ այնպես է բարդացված այս համակարգը, որ հնարավոր չէ առանց փաստաբանի մասնակցել դատական նիստերին կամ ներկայացնել իրավաբանական փաստաթղթեր»,-ասաց Թամարա Յայլոյանը։

Ըստ փաստաբան Գայանե Գևորգյանի, հարկային բեռն ավելանում է անհամաչափ, եթե մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը փաստաբանական համայնքի հարկային բեռը իրենից ներկայացնում էր շրջանառության հարկը, որը կազմում էր գործունեության իրականացման 5 տոկոսը, ապա 2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկը հանվել է, իրավապաշտպան գործունեություն իրականացնողներն ու փաստաբանները հարկեր վճարելու են ավելացված արժեքի հարկով ու շահութահարկով։

Այս երկու հարկերի հանրագումարը 43 տոկոս է կազմում, այսինքն՝ նախկին 5 տոկոսի փոխարեն ներկայումս հարկային բեռն ավելանում է ստացված եկամտի 50 տոկոսի չափով՝ ներառյալ փաստաբանների այլ ծախսերը՝ անդամավճարներ, վարձակալական գումարներ։

Գայանե Գևորգյանն ասում է՝ այս դեպքում անվճար փաստաբանական օգնություն կարող են ցուցաբերել հանրային պաշտպանները, մարդիկ դիմելու են նրանց, սակայն եթե հանրային պաշտպանը առավելագույնը պիտի ունենա 20-30 գործ, այս պահին գերծանրաբեռնված է՝ 100 և ավելի գործեր ունի։ Բացի այդ, ամեն ոք չի կարող դիմել նրանց՝ բացի նպաստառուներից, հաշմանդամության կարգ ունեցողներից ու կենսաթոշակառուներից։

Փաստաբան Արինա Մեծոյանն էլ ասում է․ «Գուցե կարծիք լինի հանրության մոտ, եթե մեր հարկային բեռն ավելանում է , մենք էլ կթանկացնենք մեր ծառայությունները ու մտածելու ոչինչ չենք ունենա, որովհետև քաղաքացին է վճարելու, իրականում այդպես չէ։

Գուցե Երևանում մի փոքր այլ է ֆինանսական պատկերը, բայց քաջատեղյակ ենք, որ մարզերը ֆինանսական խայտառակ իրավիճակում են գտնվում, այսպես թե այնպես՝ մենք էժան գներ էինք սահմանել, քաղաքացիները շատ մեծ դժվարությամբ են կարողանում վճարել։ Եթե մենք ստիպված լինենք մեր ծառայությունների արժեքն ավելացնել, սա կառաջացնի կազուս, մարդիկ կզրկվեն Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքից։ Իսկ մարդիկ իրավունք ունեն իրավաբանական օգնություն ստանալ, բնականաբար վերանում է անհատույց աջակցելու, օգնություն ցուցաբերելու ինստիտուտը։ Եթե մենք բարի կամք դրսևորելով, տեսնելով, որ մարդը թոշակառու է․ 99,9 տոկոս մեր խորհրդատվություններն անվճար են տեղի ունեցել, ներկա պահին ընտանիքիդ անդամին խորհրդատվություն տրամադրես, կտուգանվես ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու համար»։

Փաստաբանները տպավորություն ունեն, որ այս ամենը անհատ ձեռներեց փաստաբանների դեմ է, փորձում են նրանց դաշտից դուրս մղել, մինչդեռ նման գործելաոճով պետությունը ավելացնում է հանրային պաշտպանների դերակատարությունը, սակայն պետությունն այս դեպքում ինքն է տուժելու, հանրային պաշտպանների թիվը պիտի ավելացնի ու նրանց վճարի իր գրպանից, մինչդեռ անհատ ձեռնարկատերեր փաստաբանները հարկատուներ են։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031