Լրահոս
Թրամփը երդվեց
Օրվա լրահոսը

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

Հունվար 20,2025 19:30

Հունվարի 17-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում բացվել և օրհնվել է Արցախյան գոյամարտերում զոհված 19 զոհված և մեկ անհետ կորած հայորդիներին նվիրված հուշահամալիրը, որը կառուցվել է ներքին գետաշենցի բարերար Գագիկ Հովհաննիսյանի միջոցներով։

Հուշահամալիրի բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Գեղարքունիքի մարզպետի և Մարտունու համայնքապետարանի աշխատակազմերի աշխատակիցներ, Արցախյան գոյամարտերի մասնակիցներ, զոհվածների ծնողներ և հարազատներ։

Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Սյուզաննա Գալոյանն անուն առ անուն ներկայացրել է Ներքին Գետաշենում ծնունդ ու հասակ առած այն հերոս տղաներին, ովքեր իրենց անունները փառքով են պսակել Արցախյան բոլոր գոյամարտերում՝ կյանքի ու արյան գնով պաշտպանելով հայրենի երկրի ազատությունն ու ապրելու իրավունքը։

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի ձեռամբ կատարվել է Հուշահամալիրի օրհնության կարգ։

Հուշահամալիրի բացման առթիվ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանն ընթերցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձը․

«Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք անհուն երախտագիտությամբ ու խոնարհումով մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Արցախյան գոյամարտի ընթացքում հերոսացած ներքինգետաշենցի այն քաջերին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի պաշտպանությանն ու ազատությանը։

Նրանցից յուրաքանչյուրն այլևս սրբացած անուն է, դարերի ու սերունդների համար անմահացած, որ ապրելու է ամեն մեկիս սրտում, որ միշտ լինելու է հայրենանվիրութան քաջալերող ու վառ օրինակ։

Մեր հերոսներն այդ սխրանքներին գնացին գիտակցաբար, հանուն հայրենիքի փրկության, հանուն մեր սահմանների անվտանգության, մեր ազգի գոյապահպանության։ Նրանք անցան հերոսական մաքառումների ճանապարհով, դաժան պատերազմների թոհուբոհի, արյան ու կրակների միջով, բայց ոչ մի ակնթարթ չհապաղեցին՝ թշնամիներին դիմադարձ կանգնելու իրենց վճռականությամբ, անսանսան կամքով, ոչ մի քայլ հետ չնահանջեցին իրենց մարտական դիրքերից կամ մարտադաշտից ու հավերժացան փառքի հանգրվաններում։

Իսկ օրհնված ու նորաբաց այս հուշահամալիրը մեզ համար դառնում է ոչ միայն սրբավայր ու փառքի հուշարձան, այլ նաև՝ հայրենիքի ազատության ու հավերժացման խորհրդանիշ։

Ու ապրողներս պետք է մեր անդուլ աշխատանքով շենացնենք, ծաղկեցնենք ու հզորացնենք մեր հայրենիքը, կյանքի կոչելով այն վեհ նպատակը, հանուն որի իրենց երիտասարդ, թանկագին կյանքերը նվիրաբերեցին մեր տղաները։

Իմ խոնարհումն ու խորին հարգանքն եմ բերում որդեկորույս այն ծնողներին, նրանց ընտանիքներին, որոնց զավակները հայրենափրկության ճանապարհին հավերժացան լույսերի մեջ։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ներքին Գետաշենի արժանավոր զավակ, բարերար Գագիկ Հովհաննիսյանին, ում նախաձեռնությամբ ու միջոցներով կառուցվել է փառքի այս հուշահամալիրը։ Երախտագիտություն եմ հայտնում Ներքին Գետաշենից Արցախյան գոյամարտերին մասնակցած այն հերոս տղաներին, ովքեր մարտադաշտերից ողջ են վերադարձել ու անցել են խաղաղ, հայրենաշեն աշխատանքի, նաև նրանց, ովքեր այժմ պարտաճանաչորեն պաշտպանում են հայրենի երկրի սահմանները։

Խաղաղություն ու բարօրություն եմ մաղթում մեր հայրենիքին»,-նշվել է մարզպետ Կարեն Սարգսյանի ուղերձում։

Հերոսների ծնողներին ու ընտանիքների անդամներին իրենց քաջալերանքի խոսքերն են ուղղել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը, հերոսների ծնողների անունից՝ Արմենակ Գևորգյանը։

Հուշահամալիրի կենտրոնում բարձրանում է խաչքարը, որի երկու կողմերի տուֆակերտ պատերին տեղադրված են Արցախյան գոյամարտերում իրենց կյանքը զոհաբերած ներքինգետաշենցի հերոսների դիմանկարները։ Հուշահամալիրի տարածքում տեղադրված է ցայտաղբյուր, ստեղծված է կանաչապատ տարածք։ Այն կառուցված է Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի դիմաց, գյուղի կենտրոնական ճանապարհի հարևանությամբ։

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031