Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառվում է, որ իմ մեքենայի վրա կեղծ համարանիշներ լինեն». Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի հավակնորդ

Հունվար 20,2025 17:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024թ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանի sms-ով աշխատանքից ազատված 5 պաշտոնյաներից մեկը Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանն էր, որը նշյալ sms-ից հետո ազատման դիմում գրեց եւ նրա լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր էր, եւ այդ պաշտոնի միակ հավակնորդը, որ ցանկացել էր զբաղեցնել այդ պաշտոնը ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանն է:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հարցազրույցի ժամանակ Ռաֆայել Երիցյանին հետևյալ հարցն ուղղեց. «Հակակոռուպցիոն կոմիտեում կան բարձրաստիճան ծառայողներ, որոնց բարեվարքության վերաբերյալ եզրակացությունը բացասական է , ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը նման հարցերի վերաբերյալ»:

Երիցյանն այսպես արձագանքեց. «Ես տեղյակ չեմ այդ ծառայողների մասին, երբ հասկանամ՝ ովքեր են այդ ծառայողները, եւ բացասական ասելով ինչ նկատի ունենք, ինչ խնդիրներ են առաջացել, ըստ այդմ էլ որոշումներ կկայացվեն»:

Մեկ այլ՝ օպերատիվ եւ քննչական ստորաբաժանումների միասին լինելու մասին հարցին էլ այսպես արձագանքեց. «Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր միակ կառույցն է մնացել, որն ունի եւ օպերատիվ, եւ նախաքննական ստորաբաժանում, վստահ եմ, որ համատեղ աշխատանքով արդյունքները դրական կլինեն, շատ օբյեկտիվ եւ օպերատիվ խնդիրները կլուծվեն»:

Ռաֆայել Երիցյանը նաեւ պատասխանելով կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված խորհրդի անդամներից մեկի հարցին՝ ասաց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու իր մղումն այն է, որ հնարավորություն ունենա իր գործընկերների հետ անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ. «Այս պահին էլ որպես իրավապահ համակարգի աշխատակից ես այդ գործառույթներն իրականացնում եմ, բայց կարծում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում գործիքակազմը ավելի մեծ կլինի, քանի որ կոմիտեն ունի նաեւ քննչական գործառույթներ»:

Դանիել Իոաննիսյանի մեկ այլ հարց վերաբերվում էր իրավապահ համակարգի ներկայացուցիչների որոշ գործողությունների վրա աչք փակելուն: «Նախ աչք փակել ոչ մի բանի վրա չի կարելի, ես էլ եմ համակարծիք, որ ձու գողացողը ձի էլ կգողանա, փոքր կոռուպցիա ինձ համար չկա: Եթե ինչ-որ մեկը կարողանում է 1000 դրամ հափշտակել կոռուպցիայով, մեկ ուրիշը՝ 100 հազար դրամ, այս դեպքում ինձ համար մեծ հաշվով տարբերություն չկա: Կոռուպցիան կոռուպցիա է, ամեն մեկն իր հնարավորությունների սահմաններում պետք է այնպես անի, որ որեւէ մեկը չկարողանա կոռուպցիայով զբաղվել»,-ասաց Ռաֆայել Երիցյանը:

Իոաննիսյանին նաեւ հետաքրքրում էր, թե ինչու մինչեւ հիմա մեքենա վարելիս որեւէ խախտում Երիցյանը թույլ չի տվել, առաջարկեց նշել հաջողության գաղտնիքը: «Հաջողության գաղտնիք չկա, պետք է ուղղակի կանոններով վարել, բայց ես միայն շաբաթ եւ կիրակի օրերն եմ անձամբ մեքենա վարում, մնացած օրերին օգտվում եմ ծառայողական ավտոմեքենայից, միգուցե նաեւ դրանով է պայմանավորված: Մեր պարեկային ծառայությունն այսօր այսպես է աշխատում, եթե կարգ չես խախտում, վարչական պատասխանատվության չես ենթարկվում»,-ասաց նա:

Դանիել Իոաննիսյանը հարցրեց նաեւ՝ արդյոք միշտ ամրակապվա՞ծ է երթեւեկում: Ռաֆայել Երիցյանը դրական պատասխան տվեց:

Իոաննիսյանը հարցրեց՝ իսկ միգուցե նրա վարչական պատասխանատվության բացակայության պատճառն այն է, որ իր մեքենայի վրա կեղծ համարանիշներ են դրված: «Բացառվում է, որ իմ մեքենայի վրա կեղծ համարանիշներ դրված լինեն»,- ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի հավակնորդը:

Իոաննիսյանը հարցրեց նրա մեքենայի համարանիշը, ապա ցույց տվեց մի լուսանկար, որտեղ Ռաֆայել Երիցյանի մեքենան էր կայանել՝ այլ հաշվառման համարանիշով, որոնք որեւէ տվյալների բազայում չկան: Վերջինս պարզաբանեց, որ ինքը օպերատիվ ստորաբաժանման աշխատակից է, եւ գուցե այդ պահին օպերատիվ համարներ են տեղադրված եղել մեքենայի վրա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ բավարար քանակի միավորներ չհավաքելու պատճառով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031