Չի պատրաստվում ՀՀ քաղաքացիություն ընդունել, քանզի նա իրեն Հայաստանի քաղաքացի է համարում-Վիրավորվում եմ, երբ ասում են՝ պետք է ՀՀ քաղաքացիություն ընդունենք, որ մեզ իրավունք տրվի լիիրավ քաղաքացի լինել, օգտվել աջակցություններից։ Մի՞թե մենք Հայաստանի քաղաքացի չենք։ Ինչպես բոլոր արցախցիները, այնպես էլ ես, Մայր Հայաստանը համարում եմ իմ հայրենիքը, որն իր հարկի տակ է ընդունել հազարավոր իր զավակներին։Այստեղ տաքսու ծառայություններ եմ մատուցում, կինս՝ դաստիարակչուհի է մանկապարտեզում, մայրս՝ թոշակառու։ Տղաս՝ Ալեքսը, սովորում է ավագ դպրոցում։ Թեկուզ դժվարությամբ, բայց փորձում ենք հարմարվել իրականության հետ, վաստակել օրվա մեր հացը։ Ինչպես արցախահայության զգալի մասը, մենք նույնպես ապրում ենք վարձավճարով։ Իսկ վարձերի աստղաբաշխական թվերը հայտնի են բոլորին։Ամենակարևոր խնդիրն այսօր բնակապահովման հարցն է։ Արցախցիներին բնակարաններով ապահովելու՝ կառավարության ծրագրերը մատչելի չեն իմ ընտանիքին։ Տրամադրվող գումարով հնարավոր չէ տուն ձեռք բերել։ Տղաս շուտով ուսանող է դառնալու, և, բնական է, որ պետք է շարունակենք ապրել Երևանում։ Արցախցին չի կարող ապրել որևէ մարզում, միաժամանակ ուսանող պահել Երևանում։ 50 հազար դրամ աջակցության ծրագրի փոփոխությունից հետո մեր վիճակն ավելի է ծանրանալու։ Արցախահայությանը դժվար օրեր են սպասվում։ Առանձնապես մեծ խնդիրների առաջ կկանգնեն 1-3 հոգանոց ընտանիքները, որոնք ապրիլից հետո չեն դասվելու աջակցություն ստացողների շարքին։ Ինչպես պետք է գոյատևեն այն մարդիկ, ովքեր ոչ թոշակային տարիքի են, ոչ էլ կարողանում են աշխատանք գտնել։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: