Լրահոս
Օրվա լրահոսը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2024 թվականի տարեկան Սև ցուցակը

Հունվար 20,2025 17:32

Սև ցուցակ 2024

Այս գերատեսչությունները և պաշտոնյաները 2024 թվականի ընթացքում խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների հիման վրա։

2024 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ուղարկել է 250 տեղեկություն ստանալու հարցում: Հարցումներից 225-ի կամ 90%-ի դեպքում ստացվել է ժամանակին լիարժեք պատասխան, 3.6%-ի դեպքում՝ ուշացած լիարժեք, իսկ 2%-ի դեպքում՝ թերի պատասխան: «Անհիմն պատասխան» և «լուռ մերժում» կարգավիճակ ստացած հարցումները կազմում են 1.6-ական տոկոս, իսկ 1.2 տոկոս հարցումների դեպքում մերժումներն եղել են անհիմն։

  • Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան

2024 թ. հունվարին 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ՀՀ կառավարությունն իր արտաքին քաղաքականության օրակարգում Արցախի հարցով ինչ կոնկրետ դիրքորոշում ունի, արդյոք Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների փաստաթղթում ներառված են արցախահայության ինքնորոշման իրավունքի և արցախահայության Արցախ վերադարձի անվտանգային երաշխիքների հարցերը։ ԻԱԿ-ը խնդրել է տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ՀՀ կառավարությունը միջազգային հարթակներում, այլ պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններում Արցախին և արցախահայությանը վերաբերող որ հարցերն ու խնդիրներն է առաջնային քննարկման ներկայացնում: Նախարարությունը ներկայացրել է խիստ ընդհանրական պատասխան՝ ներկայացված չորս հարցերից և ոչ մեկի պատասխանը չտրամադրելով։

  • Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյան (ապրիլ 2022-մայիս 2024)

Ինֆորմացիայի ազատության կենտրոն է դիմել Երևան քաղաքի բնակիչ Արմինե Թանգիյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ Քաղաքացին Կենտրոն վարչական շրջան տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել 2024 թ. փետրվարի 22-ին՝ խնդրելով տրամադրել Երևան քաղաքի Մաշտոցի փողոցի 31 շենքի առաջին և նկուղային հարկերի սեփականատեր «ՋԻ ԷՍ ԷՆ Ոսկեվազ» ՍՊԸ-ի վերաբերյալ, սակայն պատշաճ պատասխան չէր ստացել։ Մարտի 20-ին ԻԱԿ-ը նույնաբովանդակ հարցում էր ուղարկել Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի և ստացել մերժում։ Ըստ գրության՝ «․․․ տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչարարության մասին» օրենքի 39-րդ հոդվածի համաձայն` վարչարարության նյութերին իրավունք ունեն ծանոթանալ միայն տվյալ վարչական վարույթի մասնակիցները, մինչդեռ նշված Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ն չի հանդիսանում վարչական վարույթի մասնակից»): ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն ու կրկնակի հարցում ուղարկել, որին ի պատասխան՝ վարչական շրջանը տրամադրել է արդեն թերի պատասխան։ Արդյունքում թեպետ ի վերջո ԻԱԿ-ը ստացել պահանջվող տեղեկությունը, սակայն հարցման մեջ ներկայացված բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար ստիպված է եղել մեկի փոխարեն չորս հարցում ուղարկել։

  • Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյան (հունվար 2023- նոյեմբեր 2024)

2024 թ. մայիսի 24-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հարցում է ուղարկել Ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքից բխող բոլոր ենթաօրենսդրական ակտերի պատճենները։ ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի վերջին պարբերությամբ նախատեսված` տեսանյութերի և լուսանկարների պահոց մուտք գործելու և տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող ոստիկանության պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը, շարժական տեխնիկական միջոցներ օգտագործելու վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանող Լիազոր մարմնի ղեկավարի հրամանի պատճենը։ ՆԳՆ-ն հրաժարվել է տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով, թե իրավական ակտը տեղեկություն չէ։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն ու բողոքարկել, սակայն բողոքարկումը մնացել է անարձագանք։

  • Գյումրու նախկին համայնքապետ Վարդգես Սամսոնյան (նոյեմբեր 2021-հոկտեմբեր 2024)

Ինֆորմացիայի ազատության կենտրոն էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ Լիլիթ Աղեկյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ Քաղաքացին տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել էր Գյումրու համայնքապետարան և չէր ստացել պատշաճ պատասխան։ ԻԱԿ-ի խորհրդով քաղաքացին ուղարկել էր նաև կրկնակի հարցում, սակայն ստացել էր նույն արձագանքը։ 2024 թ.-ի սեպտեմբերի 5-ին ԻԱԿ-ը նույնաբովանդակ հարցում էր ուղակել Գյումրու համայնքապետարան, սակայն կենտրոնը ևս ստացել է անհիմն մերժում։ Համայնքապետարանը հրաժարվել է տրամադրել Գյումրու Ղանդիլյան 48 ա բնակելի տան և կից հողամասի տեխնիկական անձնագրի պատճենը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերին, այնինչ վկայակոչված նորմերը մերժման համար բավարար հիմք չեն:

Մեկ այլ դեպքում 2024 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանում տվյալների պաշտպանության և տվյալների անվտանգության վերաբերյալ հետազոտություն իրականացնելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետազոտող Գևորգ Հայրապետյանը Գյումրու համայնքապետարան է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյոք համայնքապետարանում գործում է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը», և եթե այո, ապա ինչ փաստաթղթով է այն սահմանված։ Հարցման միջոցով դիմողը խնդրել է տրամադրել նաև բնակիչների անձնական տվյալներ մշակմանն առնչվող այլ տվյալներ։ Հարցմանը Գյումրու համայնքապետարանը չի պատասխանել։ 2024 թվականի հոկտեմբերի 4-ին հետազոտող Գևորգ Հայրապետյանն ուղարկել է կրկնակի հարցում, որը նույնպես համայնքապետարանը թողել է անպատասխան։

  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

2024 թ. սեպտեմբերի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետազոտող Գևորգ Հայրապետյանը Հայաստանում տվյալների պաշտպանության և տվյալների անվտանգության վերաբերյալ հետազոտություն իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետարան է ուղարկել տեղեկություն ստանալու հարցում՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյոք համայնքապետարանում գործում է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը», և եթե այո, ապա ինչ փաստաթղթով է այն սահմանված։ Հարցման միջոցով դիմողը խնդրել է տրամադրել նաև բնակիչների անձնական տվյալներ մշակմանն առնչվող այլ տվյալներ։ Հարցումը մնացել է անպատասխան, ուստի հետազոտողը կրկնակի հարցում է ուղարկել քաղաքապետարան։ Այս անգամ տրամադրվել է թերի պատասխան. հարցերից մեկով պահանջված տեղեկության տրամադրումը մերժվել է՝ առանց մերժման իրավական հիմքը (օրենքի համապատասխան նորմը) նշելու:

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031