Ադրբեջանում ապրող բազմաթիվ թաթեր տևական ժամանակ բարձրաձայնում են, որ Ադրբեջանում չկա դպրոց, որտեղ կարելի է սովորել թաթերեն, նույնիսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում չկա հնարավորություն ուսումնասիրելու թաթերենը: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի` թաթերենը չափազանց վտանգված լեզու է: Ադրբեջանի որոշ թաթերի պնդմամբ՝ իրենց երիտասարդ սերունդը, թեպետ հասկանում է մայրենի լեզուն, բայց խոսում է ադրբեջաներեն:
ԵՊՀ հետազոտող, Իրանագիտության ամբիոնի դոցենտ Արտյոմ Տոնոյանն ընդգծում է, որ Ադրբեջանում ապրող մի շարք ազգային փոքրամասնությունների լեզուներ, այդ թվում՝ թաթերենը, թալիշերենը, լեզգիերենը անհետանալու վտանգի տակ են:
Հարցին՝ ինչո՞ւ թաթերը Ադրբեջանում չեն կարողացել պահպանել իրենց լեզուն՝ մտավորականության բացակայությո՞ւնն է պատճառը, որոնք պետք է գրեին դասագրքեր, թե՞ Ադրբեջանի վարած քաղաքականությունը, Արտյոմ Տոնոյանը պատասխանեց. «Ադրբեջանի դեպքում մտավորականի (լինի նա թաթ, թալիշ, լեզգի թե այլ ժողովրդի ներկայացուցիչ) ցանկացած գործողություն և հայտարարություն, որը կապված կլինի իր մայրենի լեզվի պաշտպանության, այլ լեզվով կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացման պահանջի հետ, անմիջապես անվանվում է անջատողականություն»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում տեղաբնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ մոտեցումներում թե գործող իշխանությունների, թե, գրեթե բոլոր, ընդդիմադիր քաղաքական ուժերի տեսակետները համընկնում են, մինչդեռ դասագրքերի ստեղծումը, այդ թվում՝ տեղաբնիկ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների մայրենի լեզուներով, պետության և կառավարությունների գործառույթն է. «Նրանց բոլորի համար այդ իրավունքներից խոսելը նշանակում է պետական դավաճանություն և հանցակցություն Ադրբեջանի թշնամիների հետ։ Այս պատճառով է, որ Ադրբեջանում ավելի քան մեկ տասնյակ լեզու դարձել է տարբեր աստիճաններով վտանգված և հայտնվել անհետացման եզրին»։
Կարդացեք նաև
Հետազոտողի խոսքով՝ մոտ 30 տարի թաթերեն չի դասավանդվել Ադրբեջանում, իսկ 2024թ. թաթերենով դասագիրք հրատարակվեց Ադրբեջանում, սակայն դասագրքի համար ընտրված բարբառը մեծամասնությանը հասկանալի չէ: Ըստ Արտյոմ Տոնոյանի՝ սա Ադրբեջանի վարած՝ մեկ ազգ, մեկ լեզու, այսինքն՝ ազգերի ձուլման քաղաքականությունն է. «Ադրբեջանի վարած քաղաքականության հիմքում այդ պետության տարածքում ապրող ժողովուրդների ձուլումն է, լեզուների ոչնչացումը՝ ադրբեջաներենի պարտադրմամբ ոչ միայն որպես պետական, այլ անխտիր բոլորին նաև որպես մայրենի լեզու: Վերջին անգամ Ադրբեջանում թաթերեն դասավանդվել է 1996թ., դրանից հետո ընդհանրապես չի դասավանդվել, քրդերեն նույնիսկ 90-ականներին չի դասավանդվել»:
Հարցին՝ Ադրբեջանում ի՞նչ մոտեցում է ցուցաբերվում թալիշերենի նկատմամբ, հետազոտողն արձագանքեց. «Թալիշերենն ու լեզգիերենը նույնպես վտանգված լեզուների թվում են՝ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի: Ադրբեջանում թալիշերենի դասագրքեր թեև կան 1-ից 4-րդ դասարաններում սովորող թալիշ աշակերտների համար, սակայն դպրոցներում այդ լեզվի դասավանդում փաստացիորեն չկա»,- ասաց նա՝ հղում անելով թալիշ և լեզգի ժողովուրդների ներկայացուցիչների կողմից պատրաստված զեկույցներին. «Փոխարենը, օրինակ, թալիշերենի ժամին աշակերտները ուղարկվում են տուն կամ զբաղվում որևէ այլ բանով։ Ադրբեջանում չկա որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն, որտեղ կպատրաստվեն, օրինակ, թալիշերենի մասնագետներ։ Ընդհանուր առմամբ վերաբերմունքը նույնն է բոլոր ոչ թյուրքական ժողովուրդների նկատմամբ և առանձնապես մեծ տարբերություն չի դրվում թաթերի և թալիշների, քրդերի կամ լեզգիների միջև։ Թաթերենի դասավանդում չկա, իսկ թալիշերենի դասավանդում կա միայն թղթի վրա»:
Ըստ պաշտոնական տվյալների, 2009թ. մարդահամարի արդյունքներով, Ադրբեջանում ապրում է 25000 թաթ, սակայն որոշ թաթերի խոսքով՝ մարդահամարը ստույգ չի անցկացվել և թաթերի իրական թիվը Ադրբեջանում մի քանի անգամ ավելի է: Իսկ թալիշների պաշտոնական թիվը մոտ 112 000 է, մինչդեռ Ադրբեջանի թալիշների հանրային խորհրդի 2021թ. զեկույցում նշված է, որ թալիշների թիվը տատանվում է 1-2 մլն միջև:
«Ադրբեջանի քաղաքականությունը լեզուների ոչնչացման և ժողովուրդների ձուլման առումով նույնական է: Թալիշների նկատմամբ այն նույնիսկ մի փոքր ավելի խիստ է, որովհետև այդ ժողովրդից ավելի մեծ վտանգներ են սպասում և ավելի մեծ վախեր ունեն՝ մասամբ պայմանավորված նաև 1990-ականների առաջին կեսերի անկախական շարժման հետ, որը հայտնի էր Թալիշական ազգային շարժում անունով, և որի վերջնարդյունքը եղավ Թալիշ–մուղանյան հանրապետության հռչակումը 1993թ. հունիսին»,-ասաց Արտյոմ Տոնոյանը։
Նա համեմատելով ՌԴ-ի ու Ադրբեջանի մոտեցումը թաթերենի նկատմամբ՝ նշեց, որ թաթերենը ՌԴ-ում ունի պետական լեզվի կարգավիճակ, քանի որ այդ լեզվով խոսում են Դաղստանում. «Թաթերենով կան ռադիոհաղորդումներ, հեռուստահաղորդումներ, տպագրվում են թերթեր՝ չնայած այնտեղ խոսողների քանակն ավելի քիչ է, քան Ադրբեջանում: Իրանում էլ թալիշները բավական լայն ազատություններ ունեն՝ իրենց լեզվով ազատ տպագրում են թերթեր, գրքեր, ունեն հեռուստատեսություն, ռադիոհաղորդումներ»:
Արտյոմ Տոնոյանը խոսելով Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների չիրացված իրավունքներից, հիշեցրեց, որ նախքան արցախցիների բռնի տեղահանումը Ադրբեջանը հանրային տիրույթում պնդում էր, թե Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու դեպքում արցախցիները կարող են մայրենի լեզվով կրթություն ստանալ, որն ըստ հետազոտողի՝ ակնհայտորեն կեղծ էր:
Նշենք, որ Ադրբեջանում լեզուների վտանգվածության թեման ԵՊՀ իրանագիտության ամբիոնի հետազոտողների ուսումնասիրության տիրույթում է:
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ