«Այս քրեական վարույթով հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանը մի քանի անգամ ընդգծել է, որ ինքն է վառել վառարանը, բայց ինչպես Եղիշեն, այնպես էլ նախաքննության ընթացքում ցուցմունք տված վկաները, տուժողները պարզապես վարույթ իրականացնող մարմնից թաքցրել են մի քանի հանգամանք: Որ դեպքից մի քանի ժամ առաջ Ժիրայր Սահակյանի ծնողները իրենց ընկերների հետ եղել են կացարանում, դեպքի օրը 20:00-ի սահմաններում վերակարգի հետ կապված վիճաբանություն է տեղի ունեցել անձնակազմի ներկայացուցիչների միջեւ, դեպքից 2 օր առաջ սպաների ու զինծառայողների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել »,-այսօր «Նոյան տապան» մամուլի ակումբում ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների հարազատների ներկայացուցիչ փաստաբան Նորիկ Նորիկյանը:
Ըստ փաստաբանի՝ դատաքննության ժամանակ Եղիշե Հակոբյանն ընդգծել է, որ վառարանը պահելու պահին իր հետ են գտնվել զինծառայողներ Ռադիկ Մաթեւոսյանն ու Լեւոն Խառատյանը: Վերջիններս կտրականապես հերքում են այդ հանգամանքը. «Հարցեր են առաջանում, թե ինչու են այդ մարդիկ թաքցրել վարույթ իրականացնող մարմնից այդ հանգամանքները, Եղիշեն ինչ նպատակ է հետապնդում այդ հանգամանքների մասին խոսելով»:
Փաստաբանը նաեւ ասաց, որ այս գործով հարցաքննված գեթ մեկ անձ չկա, որոնց ցուցմունքները միմյանց չհակասեն. «Ծնողների մոտ այս անվստահությունը հենց սրանով է նաեւ պայմանավորված: Անհնար է, որ այդ մարդիկ նույն հանգամանքի վերաբերյալ նույն ցուցմունքը չտային: Կիսաիրականություն ներկայացնելով՝ փորձ է արվում այլ տպավորություն ձեւավորել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ