«Դիվերսիայի հավանականությունը այդպես էլ չեն հերքել: Քննության մասնագիտական հարթության վրա այդ վարկածը ընթացքում չի հերքվել: Այդ վարկածի վերաբերյալ 2024 թ օգոստոսի 31-ին ԱԱԾ պետին գրություն եմ ուղարկել , թե ինչու չձեռնարկվեցին քայլեր՝ պարզելու Եղիշե Հակոբյանի հնարավոր կապը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ նրանցից առաջադրանքներ ստանալու, մասնավորապես՝ հրդեհի միջոցով ամբողջ ստորաբաժանումը կյանքից զրկելու հանգամանքի վերաբերյալ»,- այսօր «Նոյան տապան» մամուլի ակումբում ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների հարազատների ներկայացուցիչ փաստաբան Նորիկ Նորիկյանը:
Նրա խոսքով, իրենք տեղեկություններ են ստացել, որ Եղիշե Հակոբյանը ջերմ հարաբերությունների մեջ է մի քաղաքացու հետ, որը բնակվում է Երեւանում, բայց ՀՀ քաղաքացի չէ, Իսրայելի քաղաքացի է: Փաստաբանն ասաց, որ նաեւ այս տեղեկության հետքերով խնդրել էին ԱԱԾ-ին պարզել հնարավոր արտասահմանյան, այդ թվում՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ Հակոբյանի հնարավոր կապը:
ԱԱԾ-ն պատասխանել է, որ ի գիտություն է ընդունվել իրենց դիմումը, նկատի կառնվեն այդ հանգամանքները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ