Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրենք, գրասենյակից դատական գործը վերցնելը քրեորեն պատժելի արա՞րք է»․ փաստաբան Գալիկյանը՝ Թամարա Պետրոսյանին վերագրվող արարքի մասին

Հունվար 20,2025 16:18

Հակակոռուպցիոն դատարանում նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա նախկին օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ կայացած դատական նիստի մեկնարկին փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հանդես եկավ հայտարարությամբ․ «Քանի որ ես ի սկզբանե խոստացել էի, որ նախաձեռնություն եմ հայտնելու պաշտպանության կողմից առաջինը հանդես գալ եզրափակիչ ելույթով, խնդրանքս և հայտարարությունս կայանում է հետևյալում և ելակետը՝ որպես այդպիսին Ձեր կողմից (նկատի ունի նախագահող դատավորին,-Տ․Հ․) արված հայտարարությունն է այն մասին, որ ժամը 14։00-ին այլ դատական նիստ ունեք, և, ըստ էության, մեզ մնացել է աշխատելու գրեթե մեկ ժամ 45 րոպե, ուստի կխնդրեմ դատարանին, որ եթե հնարավոր է տիկին Մանթաշյանը եզրափակիչ ելույթով հանդես գա, այնուհետև պարոն Գալիկյանը և իմ եզրափակիչ ելույթին անդրադառնանք հաջորդ դատական նիստին, քանի որ իմ եզրափակիչ ելույթը լինելու է շատ ծավալուն․ գրեթե 2 ժամից ավելի խոսելու եմ։ Չեմ ցանկանում՝ իմ եզրափակիչ ելույթն ընդհատվի։ Խնդրում եմ հնարավորություն ընձեռել էլ ավելի լիարժեք և առանց ժամանակային ընդհատման իմ ելույթը ներկայացնել»։

Վահե Դոլմազյանը վստահեցրեց՝ Ձեզ հնարավորություն կտրի մեկ ամբողջ դատական նիստի ընթացքում ելույթ ունենալ․ «Դատավարություն ենք իրականացնում քրեական դատավարության օրենքի դրույթին համապատասխան՝ ապահովելով դատավարության մասնակիցների իրավունքները և պահանջելով կատարումը»։

Փաստաբան Գարիկ Գալիկյանն իր եզրափակիչ ելույթում, անդրադառնալով Թամարա Պետրոսյանի հետ կապված մի քանի դրվագների, նշեց․ «Հանրային մեղադրողն ասում է՝ Թամարա Պետրոսյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է՝ հաշվի առնելով, որ նա իջել ու գրասենյակից գործն է վերցրել։ Գործով անցնող վկաները բոլորը նշեցին, որ Թամարա Պետրոսյանը գրասենյակ չի իջել, իսկ վկաներից մեկը նշել է, որ առհասարակ նրան չի տեսել։ Ենթադրենք՝ իջավ գրասենյակ, գործը վերցրեց՝ ավելի հեշտացնելով ընդհանուր աշխատանքը, որի վերաբերյալ մենք ապացույց, փաստ չունենք, բայց գրասենյակից գործ վերցնելը, ենթադրենք, քրեորեն պատժելի արա՞րք է։

Մի հանգամանք ևս․ դատախազն ասում է՝ Թամարա Պետրոսյանը գործը հետ չի վերադարձրել վերամակագրումից հետո։ Հետազոտելով գործում առկա ապացույցները թե′ նախաքննության փուլում, թե′ դատական լսումների ընթացքում, մի կարևորագույն հանգամանք կար․ ի՞նչ է նշանակում գործը հետ չի վերադարձրել։ Գործը վերամակագրվում է մեկ այլ դատավորի, երեք օր անց վերամակագրվելուց հետո Արուսյակ Ալեքսանյանի կողմից կայացվում է որոշում։ Խափանման միջոցի քննարկման միջնորդություն է մակագրվել դատավորին, երեք օր հարց չի առաջանո՞ւմ է՝ ուր է այդ մակագրված կամ վերամակագրված գործը։

Ավելին, գործի նյութերում առկա փաստաթղթով դատարանի նախագահի ժ/պ Գագիկ Պողոսյանը գրություն էր ուղարկել քննիչին, որտեղ հստակ նշել էր՝ ես զրուցել եմ գրասենյակի աշխատակցի հետ, որը պատասխանել է, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով մոռացել եմ վերամակագրության թերթիկի մասին, որ հայտնեմ՝ գործը մակագրվել է, և այդ ամբողջի բեռը վերագրում են Թամարա Պետրոսյանին և մյուս անձանց՝ պատճառաբանելով, որ կատարել են քրեորեն պատժելի արարք։ Որևէ կերպ այդ հանգամանքը դատական լսումների ընթացքում չի հիմնավորվել։

Հանրային մեղադրողը նշում է՝ երբ աշխատասենյակում խուզարկություն է տեղի ունեցել, համակարգչում եղել է տվյալ անձի վերաբերյալ կայացված դատական ակտ։ Ինչքա՞ն է եղել, որ դատական լսումների ընթացքում, որ վերաքննիչ բողոք ուղարկելու ժամանակ զանգեն քննիչին, ասեն՝ բողոքի օրինակ ենք ուղարկում։ Դատական պրակտիկայում կա՞ խնդիր, որ մեկ այլ դատավորի կողմից կայացված դատական ակտը ուսումնասիրվի մյուս դատավորի կամ նրա օգնականի կողմից, դա քրեորեն պատժելի՞ արարք է։

Չունենալով որևէ փաստական հանգամանք՝ թե′ նախաքննական մարմինը, թե′ մեղադրանքի կողմը, գործի հետ առնչություն չունեցող հանգամանքներ, փորձել են ներկայացնել ապացույցներ, որոնցով իբր թե հիմնավորվում է անձանց մեղադրանքը։ Որևէ կերպ չի հիմնավորվել Թամարա Պետրոսյանի մեղավորությունն իրեն վերագրվող արարքների մեջ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031