Aravot.am-ի տեղեկություններով` հունվարի 17-ին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ստացվել է գրություն, որ 2024 թ. նոյեմբերի 20-ին Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում պաշտպան Սմբատ Մինասյանը (լուսանկարում) տուժող Էդգար Ղազարյանի հասցեին վիրավորանքներ եւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով՝ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ: Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 489 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ:
«Առավոտի» խնդրանքով՝ Էդգար Ղազարյանը մեկնաբանել է տեղի ունեցածը: «Խոսքը վերաբերում է 2022 թվականի հոկտեմբերի 18-ին մեր շենքի բակում իմ նկատմամբ տեղի ունեցած դաժան բռնության գործի հանգամանքներին, որի նախաքննությունն ավարտվել է, չնայած այն բանին, որ հանցագործությունն ամբողջությամբ դեռեւս չի բացահայտվել: Այսինքն, պարզ չէ, թե ովքեր են հանցագործության պատվիրատուները, համենայն դեպս, նախաքննական մարմնի համար: Ու այդ վիճակով գործն ավարտել եւ ուղարկել են դատարան: Այդ գործում պարզ են մեղադրյալները՝ բռնություն գործադրող երկու անձինք, ինչպես նաեւ մեկ հոգի, որը նրանց աջակցություն է ցուցաբերել. բերել է դեպքի վայր, տեսանկարահանել է այդ պրոցեսը:
Հիմա դատաքննության փուլում նրանցից յուրաքանչյուրն ունի մեկ առանձին վերցրած պաշտպան, ինչը նույնպես շատ տարօրինակ է այն առումով, որ նրանցից ոչ մեկը չի աշխատում: Նրանք ասել են, որ որեւէ տեղ չեն աշխատում: Հետեւաբար, հարց է առաջանում. եթե չեն աշխատում, իրենց ֆինանսական միջոցներ որտեղի՞ց, որ պաշտպաններ վարձեն: Ես հիմնավոր կասկած ունեմ, որ պաշտպաններին վարձել է հենց պատվիրատուն, ով կազմակերպել է այդ հանցագործությունը: Եվ պաշտպանների վարքագիծն էլ դատավարության ընթացքում շատ իմաստներով այդ վարկածը մոտեցնում է իրականությանը:
Այդ պաշտպաններից մեկը՝ Սմբատ Մինասյանը, որը հանդիսանում էր աջակցություն ցուցաբերած անձի պաշտպանը, ոչ միայն այդ օրը, դատական նիստերի ժամանակ բավականին սանձարձակ պահվածք է դրսեւորում նաեւ դատական նիստերից առաջ եւ հետո: Իսկ նիստերից մեկի ընթացքում նա վկայի հարցաքննության ժամանակ, առանց դատարանի թույլտվության, անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով դատավարության մասնակիցների, դատարանի նկատմամբ՝ վիրավորանքներ, սպառնալիքներ եւ հայհոյանքներ հնչեցրեց իմ հասցեին, ինչին, ցավոք, դատարանը ադեկվատ չարձագանքեց: Իսկ հետո դատարանն ասաց, որ ինքը չի լսել հայհոյանքի պահը եւ դատավոր Ռոման Սմբատյանը խոստացավ, որ հետո կծանոթանա ձայնագրությանը:
Կարդացեք նաև
Ես դեկտեմբերի 5-ին Գլխավոր դատախազություն հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին: Միաժամանակ դիմել եմ ՀՀ փաստաբանների պալատ՝ փաստաբան Սմբատ Մինասյանի գործունեության հետագա նպատակահարմարության վերաբերյալ վարույթ նախաձեռնելու միջնորդությամբ: Հետագայում դատարանից ստացել եմ այդ օրվա նիստի ձայնագրությունը, որտեղ հստակ լսվում են հայհոյանքի եւ հոխորտանքի արտահայտությունները եւ դա նույնպես լրացուցիչ գրությամբ ներկայացրել եմ Գլխավոր դատախազություն եւ Փաստաբանների պալատ:
Այդ նյութերի վրա հարուցվել է վարույթ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում: Ես այդ վարույթում ունեմ տուժողի դատավարական կարգավիճակ: Միաժամանակ 2025 թվականի հունվարի 3-ին Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ էլ նախաձեռնվել է վարույթ փաստաբան Սմբատ Մինասյանի դեմ:
Վերջին դատական նիստում դատավոր Սմբատյանը հայտարարեց, որ ինքը նույնպես ծանոթացել է ձայնագրությանը եւ այդ օրվա նիստի ձայնագրությունը ուղարկել է դատախազություն: Այսինքն, ինքն էլ է լսել փաստացի հայհոյախառն արտահայտությունները եւ իր հերթին դիմել է դատախազություն քրեական վարույթ նախաձեռնելու համար: Դատարանը նաեւ հայտնեց, որ դատախազությունից ստացել է գրություն, որ արդեն իսկ նախաձեռնվել է քրեական վարույթ իմ դիմումի հիման վրա»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ