ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ այս իշխանությունների օրոք իրենց ընտանիքին պատկանող ընկերությունները շարունակում են պետական գնումների շրջանակներում գումարներ ստանալ ու հարստանալ։
«Գաղտնիք չէ ոչ մեկի համար, մենք երբեք չենք թաքցրել, եղբայրս «Տոյոտայում» ունի 30 տոկոս մասնակցություն։ Կոնկրետ գործարքները, որոնք նշում եք, այնքան փոքր բանից եք խոսում։ Ու կոնկրետ այդ գործարքի համար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում 10 րոպե արդարանում էր, թե դա ինչու է եղել։ Ինչքանով ես գիտեմ, ուղղակի ոչ մի ուրիշ այլընտրանք չեն ունեցել, եւ ստիպված են եղել գնալ դրան, որովհետեւ պարեկային ծառայության հետ կապված մեքենաներ էին։ Ես «Տոյոտայի» բիզնեսի հետ կապ չունեմ ընդհանրապես։ Որեւէ ուրիշ բան սրա տակ տեսնել չկա»,- ասաց Լեւոն Քոչարյանը։
Նա հավելեց․ «Եթե սրա տակ նկատի է ունեցվում որեւէ պայմանավորվածություն, ապա դա բացառվում է։ Եթե այնտեղ հաշվարկեք այդ գործարքը, թե դրա մեծ ինչ օգուտի մասին է խոսքը, ապա պարզապես ծիծաղելի է»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին,որ «պետությունից գողացվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի», Լեւոն Քոչարյանն ասաց․ «Այս ամենն իրենց քարոզչության ինչ-որ մասն է, այդ գործերի մեծ մասը լուրջ խնդիր ունեն իրավական առումով։ Եվ հետագայում իշխանափոխությունից հետո, ես համոզված եմ, ուրիշ լույսի ներքո ներկայացվելու են բոլոր ապօրինությունները»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ