ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու դատավարություններին եւ հարցին, թե մեղքի զգացում չունե՞ն, երբ տեսնում են այդ ամենը, ինչո՞ւ են լռում, պատասխանել է․ «Մենք մշտապես ասել ենք, որ ամենօրյա աշխատանք ենք տանում գերիների վերադարձի ուղղությամբ եւ հավելյալ հանրայնությունն այս գործընթացին խանգարում է։ Եթե կարծում եք, որ պետք էր մեկ-երկու շատ կոշտ արտահայտություն անել, եւ դա օգնելու էր մեր գերիների վերադարձին, դուք սխալվում եք։ Ես այդ կադրերը տեսա, եւ շատ կուզենայի, որ այդ ամենը տեղի ունեցած չլիներ։ Եվ ես շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները ժամանակին լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու եւ ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիր ուժերին ու չգնային Սոֆիա բանակցելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով ՔՊ-ականների այդ թեզին, թե Արցախի ղեկավարները հրաժարվել են մեկնել Սոֆիա եւ բանակցել, ասաց․ «Այս իշխանությունն ամեն կերպ փորձում է տեղեկատվությունը խեղաթյուրված ձեւով ներկայացնել»։
Կարդացեք նաև
Աբրահամյանը հարցադրում արեց՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել Արցախում։ «2022 թվականի դեկտեմբերին, ըստ էության, տեղի է ունեցել Արցախի դեմ ագրեսիայի հերթական փուլի մեկնարկը։ Նախ` բլոկադայի է ենթարկվել Արցախը, հետագայում ռազմական գործողությունների միջոցով տեղի ունեցավ ոչ միայն արցախցիների բռնի տեղահանությունը, այլ Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Երբ որ խոսում են Սոֆիայի մասին, կհիշեք, որ այդ օրերին Արցախից պատվիրակություն էր գնացել Եվլախ, եւ բանակցություններ էին տարվում Եվլախում։ Իհարկե, այն, ինչ խոսվել ու քննարկվել է Եվլախում, որեւէ ձեւով իրականություն չդարձավ։ Եվ այս իրադարձությունների շղթան ցույց տվեց, որ Ադրբեջանի խնդիրը ոչ թե այն էր, որ արցախցին այս կամ այն քաղաքում իրենց հետ բանակցեր, այլ ի սկզբանե նպատակ էր դրված բլոկադայի միջոցով քամել Արցախը, մարտունակությունից զրկել արցախցիներին եւ հետո ռազմական գործողությունների միջոցով հասնել արցախցիների նկատմամբ ամբողջական վերահսկողության»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում 2023-ի սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումը: