«Իրանն այսօր». Իրանում նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի պատճառը կասկածի տակ դնող խոսույթի ակտիվացման ֆոնին Իրանի ԶՈւ ԳՇ-ն նորից հայտարարություն է տարածել՝ վերահաստատելով, որ ուղղաթիռը վթարվել է եղանակային և աշխարհագրական բարդ պայմանների պատճառով:
«Որևէ այլ վարկած, այդ թվում՝ տեխնիկական խափանում, դիվերսիա, ահաբեկչություն, պայթյուն, ռադիոէլեկտրոնային ներգործություն և այլն, չի հաստատվել: Ուստի լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց և խորհրդարանի հարգելի պատգամավորներին խնդրում ենք զերծ մնալ ոչ պրոֆեսիոնալ, զգացմունքային և ոչ պատասխանատու հայտարարություններ անելուց, որը չի ունենալու այլ արդյունք, քան հասարակական կարծիքը խաթարելը, թշնամիների շահարկումների համար հիմքեր ստեղծելը»,- նշվել է ԶՈւ ԳՇ հայտարարությունում:
ԻԻՀ խորհրդարանի պատգամավորից բացի, օրերս էլ Էբրահիմ Ռայիսիի թիկնապահի եղբայրն էր հայտարարել, որ եղբայրն անհանգստանում էր Ռայիսիի այցի առնչությամբ, «քանի որ Իսրայելն Ադրբեջանում բազա ունի»:
Հիշեցնենք՝ Իրանի խորհրդարանի պատգամավոր Քյամրան Ղազանֆարին՝ կասկածի տակ դնելով Ռայիսիի ուղղաթիռի վթարի մասին պաշտոնական վարկածը, հայտարարել էր.
Կարդացեք նաև
«Էբրահիմ Ռայիսիին նահատակության են հասցրել: Երկրի ներսում նպատահարմար չեն համարում հայտարարել, որ սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ն են դա իրագործել՝ Ալիևի ռեժիմի հետ համագործակցությամբ: Ուղղաթիռի կործանումը վերագրում են մի ամպակույտի: Եփած հավի ծիծաղն էլ է գալիս: Ուրեմն խելացի ամպ է եղել, որ այդ երեք ուղղաթիռից նախագահի ուղղաթիռի դիմացն է դուրս եկել: Այս փաստարկը դպրոցական երեխաներին խաբելու համար գուցե աշխատի»: